Իրանը բողոք կներկայացնի Ադրբեջանի դեմ
Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը պատասխանել է Իրանի կողմից հնչեցված մեղադրանքներին այն մասին, որ Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը: Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության բնապահպանության քաղաքականության բաժնի վարիչ Ռասիմ Սատտարզադեն ադրբեջանական Trend գործակալությանն ասել է, որ սա իրանական կողմից հնչեցված առաջին նմանատիպ մեղադրանքը չէ. «Իրանին անհանգստացնում է այն հարցը, որ նավթի արդյունահանման արդյունքում էկոլոգիական խնդիրներ են առաջանում: Այս մասին պետք է ասեմ, որ Ադրբեջանի անկախացումից հետո նավթն այստեղ արդյունահանվում է ժամանակակից տեխնոլոգաների ու համակարգերի միջոցով: Սա հնարավորություն է տալիս մինիմումի հասցնել շրջակա միջավայրի ազդեցությունը»,- ասել է Ռասիմ Սատտարզադեն: Վերջինս նաև նշել է, որ այլ երկրներին մեղադրելու փոխարեն Իրանը պետք է համագործակցի այդ երկրների հետ՝ Կասպից ծովում միջավայրի պաշտպանությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Իրանը մեղադրում է Ադրբեջանին, որ վերջինս նավթն արդյունահանում է հնացած սարքավորումներով, ինչի արդյունքում աղտոտվում է ծովը: Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ İRNA իրանական գործակալության, բողոք կներկայացնի համապատասխան մարմիններին, որպեսզի ստիպի Ադրբեջանին տուգանք վճարել՝ Կասպից ծովն ախտոտելու համար: