Շվեյցարացի գիտնականները կժամանեն պաղեստին՝ Արաֆաթի թունավորման վարկածն ուսումնասիրելու

Շվեյցարիայի Լոզանի քաղաքի համալսարանական կլինիկական կենտրոնի ռադիոլոգիայի լաբորատորիայի փորձագետները շուտով կգնան Պաղեստինի ինքնավարություն` Յասիր Արաֆաթի աճյունի ուսումնասիրման նպատակով,- հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Նրանք կպարզեն` արդյոք ինքնավարության նախկին ղեկավարի ոսկորներում, մազերում և եղունգներում բարձր է պոլոնիում-210-ի չափաբաժինը: Սա մի նյութ է, որով նա կարող էր 2004-ին թունավորված լինել:

Հետազոտության թույլտվությունը տվել են ինչպես Պաղեստինի ներկա իշխանությունները, այնպես էլ Արաֆաթի ընտանիքի անդամները` նրա այրին և աղջիկը: Վերջիններս իրենց հարազատի մահվան պատճառները լրացուցիչ քննելու հայցով արդեն դիմել են Ֆրանսիայի դատարան:

Հուլիսի 3-ին Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Արաֆաթի իրերի վրա, որոնք նրա ընտանիքը ներկայացրել էր քննության, շվեյցարացի գիտնականները պոլոնիում-210-ի հետքեր են հայտնաբերել: Սա հիմք է տվել ենթադրելու, որ հնարավոր է` Պաղեստինի առաջնորդին թունավորած լինեն:

Տեսանյութեր

Լրահոս