Բաժիններ՝

Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության հատվածը կբարեկարգվի

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի ու «ՎՏԲ Հայաստան» բանկի մանրամեծածախ դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

«Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաջողված օրինակներ մենք արդեն ունենք, ինչն իսկապես ողջունելի է: Մասնավորապես, «ՎՏԲ Հայաստան» բանկի աջակցությամբ արդեն իսկ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա և Սարյան փողոցի միջնամասում գտնվող այգու շատրվանները։ Եվ այսպիսի օրինակներ այսօր արդեն շատ ունենք: Մենք էլ մեր լիազորությունների շրջանակում միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչել մայրաքաղաքն առավել հարմարավետ և ներկայանալի դարձնելու ցանկացած առողջ առաջարկ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ընկերությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իրենց հերթին ընդգծել, որ իրենց ընկերությունները մեկ անգամ չէ, որ համոզվել են Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ: Ըստ այդմ, նաև վստահեցրել են, որ պատրաստակամ են շարունակել ու ընդլայնել համագործակցությունը: Ի մասնավորի, «ՎՏԲ Հայաստան» բանկի ներկայացուցիչն ու «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն են հայտնել քաղաքապետարանի կողմից այգիների և շատրվանների բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնակցություն ունենալ Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը կանաչապատելու և շատրվանները բարեկարգելու աշխատանքներում: Այդ համատեքստում Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև վերոնշյալ հատվածի բարեկարգման նախնական էսքիզները:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, քաղաքապետը Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետին հանձնարարել է ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ համապատասխան մասնագետների հետ քննարկել առաջարկներն ու հաստատման ներկայացնել բարեկարգման վերջնական տարբերակը:

Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի հետ սերտ համագործակցելու պատրաստակամության համար` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ և շարունակական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս