ԿԳՆ-ն հերքում է, թե այս տարի 1-ին դասարանցիներին համակարգիչներ է տալու
Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին: Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ. ուսումնական տարվանից: Կառավարության ծրագրի կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են և ՀՀ կրթությանն և գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում: