Մոսկվայի խորքից եկել է… արձանագրություն

«Մեր հանդիպման ամենակարևոր արդյունքը դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ռազմական օբյեկտների տեղակայման հարցերի վերաբերյալ կայացված համաձայնությունը: Այժմ երրորդ երկրի ռազմական բազան ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղակայելու համար անհրաժեշտ կլինի ստանալ կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը: Այդ առաջարկության հետ համաձայնվեցին ՀԱՊԿ բոլոր անդամները: Կարծում եմ, որ սա հանդիսանում է կազմակերպության միասնության վառ ապացույցը»,- այսպես էր դեռևս 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի գագաթաժողովում «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրության վերաբերյալ իր ելույթում արտահայտվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Իսկ այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ավելացրել էր. «Առաջարկում եմ անցնել փաստաթղթի ստորագրմանը: Միայն ուզում եմ այս միջոցառման բոլոր մասնակիցների անունից նշել, որ երրորդ երկրների օտարերկրյա ռազմական բազաների վերաբերյալ մեր կայացրած որոշումը շատ կարևոր է ՀԱՊԿ-ի ներսում դիրքորոշումների համախմբման համար»:
Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած այս միջոցառումն ու դրա արդյունքում ընդունված արձանագրությունը այն ժամանակ բավական բուռն քննարկումների առիթ դարձավ: Հնչեցին բազմաթիվ գնահատականներ, որ այսպիսով Ռուսաստանը` որպես ՀԱՊԿ-ի դոմինանտ պետություն, սահմանափակում է անդամ երկրների ինքնիշխանությունը` նրանց զրկելով սեփական տարածքի վերաբերյալ որոշումներ կայացնելու սուվերեն իրավունքից: Դրանից մի քանի ամիս հետո հայտնի դարձավ միայն, որ քայլն իրականում ավելի գլոբալ նախաձեռնության տրամաբանության շրջանակներում է արվել: Խոսքը Եվրասիական միության մասին է, որը ստեղծելու իր մտադրությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց այս տարվա գարնանը: Եվ քանի որ Եվրասիական միության ձևավորումը Ռուսաստանի համար կենսական նշանակություն է ստացել, արագացվել է նաև ՀԱՊԿ-ի` վերը նշված արձանագրությունը կյանքի կոչելու գործընթացը:
Ու պատահական չէ, որ Մոսկվայից ու արձակուրդից վերադառնալուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի հաստատմանն է ուղարկել «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, որն ընդգրկվել է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում: Նշենք, որ ՀԱՊԿ այս արձանագրությունն, իր հերթին, դեռևս հունիս ամսին Պետդումայի հաստատմանն է ուղարկել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսպիսով, առաջիկայում ՀՀ խորհրդարանը պետք է վավերացնի կամ մերժի այս արձանագրությունը: Հաշվի առնելով, որ այն ԱԺ է ուղարկել Սերժ Սարգսյանը, իհարկե, դժվար է պատկերացնել, որ արձանագրությունը կարող է չվավերացվել: Սակայն հաշվի առնելով այս հարցի կարևորությունը, հատկապես ներկայումս Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ քննարկումների համատեքստում, փորձեցինք ճշտել խորհրդարանական ուժերի վերաբերմունքը դրա նկատմամբ: Ի սկզբանե նշենք, որ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներից շատերը դեռևս արձակուրդային տրամադրության մեջ են և անգամ տեղյակ չեն ԱԺ առաջիկա օրակարգում ընդգրկված հարցերի մասին:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես տեղյակ չէր ՀԱՊԿ նշված արձանագրության մասին և ընդամենն ասաց. «Ճիշտն ասած, քանի որ քաղաքում չեմ եղել, ինֆորմացիա չունեմ դրա մասին, և չգիտեմ` կոնկրետ փաստաթուղթը խորհրդարան հասե՞լ է, թե՞ ոչ: Սակայն, եթե նախագահը ստորագրել է, բնականաբար, դա ինքնին բնութագրում է Հանրապետականի կարծիքը, քանի որ ՀՀ նախագահը նաև ՀՀԿ նախագահն է հանդիսանում»:
ԲՀԿ մամուլի խոսնակ և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն կկարողանա տալ միայն այն ժամանակ, երբ որպես պատգամավոր` իրեն կներկայացվի այդ արձանագրությունը: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե արձակուրդում է և տեղյակ չէ դրա մասին: Նմանատիպ պատասխան մեզ տվեց նաև Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, նշելով, թե տեղյակ չէ, որ նախագահը ՀԱՊԿ արձանագրությունն ուղարկել է խորհրդարան, ասաց, որ դա լուրջ հարց է, և դրա մասին կարծիք կհայտնի ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս