Գյուղնախարարությունը դեռ սերմացու է բաշխում
Ռուսաստանի Դաշնությունում հացահատիկի մեծ «շտեմարաններ» համարվող՝ Ստավրոպոլի, Ռոստովի, Կրասնոդարի երկրամասերում հացի բերքի լուրջ նվազման միտում է արձանագրվել՝ 37-51 %-ով: Նման վիճակ արդեն արձանագրվել է նաև Ղազախստանում, Ուկրաինայում, նաև արևմտյան երկրներում` Կանադայում, ԱՄՆ-ում: Հայաստանի որոշ տարածաշրջանների տնտեսություններում ևս, միավոր հա-ից ստացվող հացահատիկի բերքը պակաս կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: «Սակայն կատարված 18.500 հա աշնանացան ցորենի ավել ցանքերը մեզ հնարավորություն կտան անցյալ տարվա համախառն բերքի մակարդակը՝ 440.000 տ-ն, գերազանցել»,- ասաց Ս. Գալստյանը: Մեր այն հարցին, թե Գյուղնախարարությունը ե՞րբ է պատրաստվում աշնանացան գարու և ցորենի էլիտար սերմացուները գյուղացուն տրամադրել, Ս. Գալստյանը պատասխանեց. «ՀՀ-ում ցորենի աշնանացան ցանքի համար կա օպտիմալ ժամկետ: Օգոստոսի 30-ին կառավարության նիստում կհաստատվի հանրապետության մարզերին առաջին վերարտադրության էլիտայից ստացված սերմացուների բաշխման գործընթացը, բնականաբար, առաջնությունը տալով վերին զոնայում գտնվող բնակավայրերին: Ակնկալվում է, որ այս տարի մենք հանրապետության մարզերին կբաշխենք 2200 տ սերմացու»: Ըստ փոխնախարարի, սերմացուի բաշխումը կկատարվի որոշակի հաշվարկներից ելնելով: «Գյուղնախարարության ունեցած սերմացուն կբաժանենք մարզի աշնանացան ցորենի հա-ի վրա և կստանանք գործակից: Յուրաքանչյուր մարզն էլ կբազմապատկվի այդ գործակցով: Այս տարի, օգոստոսի 10-ի դրությամբ, հանրապետություն ներկրվել է արդեն 640 տ սերմացու: Սերմացուի բաշխումն արդեն ընթացքի մեջ է, այն ավարտին կհասցվի մինչև սեպտեմբերի 5-ը»,- ասաց փոխնախարարը: