Իրանի դեմ ճնշման հույսը Թեհրանի գագաթնաժողովն է

ԱՄՆ-ը հուսով է` Չմիավորման շարժման գագաթնաժողովի անդամները Թեհրանում ճնշում կգործադրեն Իրանի իշխանությունների վրա:

«Մենք հուսով ենք` նրանք, ովքեր որոշել են մասնակցել համաժողովին, ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, իրանցիներին կոշտ կասեն, որ նրանցից ակնկալում են միջազգային պարտավորությունների կատարում»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, որի խոսքերը մեջբերում են համացանցային լրատվամիջոցները:

Նրա խոսքով` դա վերաբերում է «վեցյակի» (ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին:

Նուլանդը նկատում է, որ Իրանը «պետք է բացատրի իր միջուկային ծրագիրն ու խնդիրը լուծի դիվանագիտական ճանապարհով»:

Ավելի քան 100 երկրների պատվիրակությունները խոստացել են Թեհրանում մասնակցել Չմիավորման շարժման գագաթնաժողովին, ընդ որում, շուրջ 30 պետություն ներկայացված կլինի նախագահի, փոխնախագահի կամ վարչապետի մակարդակով:

Գագաթնաժողովն Իրանում կանցնի օգոստոսի 26-31-ը:

Տեսանյութեր

Լրահոս