Բաժիններ՝

Կաթողիկոսը Իրանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է նաև Սիրիայի վիճակը

Օգոստոսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց տիար Ռեիսիին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները սերտ են, իսկ երկրների համագործակցությունն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված կապերին և համագործակցությանը մասնավորապես միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս դեսպանի սրտակցություն է հայտնել Իրանի իշխանություններին վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տեղ գտած ավերածությունների և բազմաթիվ զոհերի համար: Իր հերթին Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայ Եկեղեցու, հայոց պետության ու ժողովրդի վշտակցության և ցուցաբերված օգնության համար:

Հանդիպմանը Նորին Սրբությունն ու Իրանի դեսպանը խոսեցին նաև իրանահայ համայնքի, դեպի հայկական սրբավայրեր կատարվող ուխտագնացությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության պահպանության գործում հոգևոր առաջնորդների կարևոր դերակատարության մասին:

Մասնավոր անդրադարձ է կատարվել Սիրիայում տիրող իրավիճակին: Վերստին մտահոգություն հայտնելով ստեղծված կացությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշեց. «Տեղյակ ենք, թե ինչպիսի դժվարություններ է դիմագրավում Սիրիայի ժողովուրդը, որի անբաժան մասն է կազմում պատմական սիրիահայ համայնքը. ընդհատվում են մարդկային կյանքեր, ավերվում են տներ և սրբավայրեր: Չարիք է պատերազմը և Աստծու դեմ գործվող մեղք: Աղոթող ենք, որ խնդիրները գտնեն իրենց շուտափույթ հանգուցալուծումը և վերականգնվի ժողովրդի խաղաղ և ապահով կյանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս