Ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել երեկ, և ինչո՞ւ էր լուռ նույն ԲԴԽ-ն, երբ նախորդ տարի ճնշումների էր ենթարկվում դատավոր Ալեքսանդր Ազարյանը

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է հետաքննություն»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Փաստաբան Վահե Եփրիկյանն այսօր ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իր ընկեր Նարեկ Մութաֆյանը Կոմիտասի անվան պանթեոնում պատահաբար հանդիպել է դատավոր Աննա Դանիբեկյանին, և որոշել է նրան հարցնել, թե վարչապետ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտությունն իրեն վերաբերո՞ւմ է, թ՞ե ոչ. «Ամեն դեպքում, Նարեկը եղել է իրավաչափության սահմաններում, գործել է բացառապես օրինականության սահմաններում, որևէ կերպ չի վիրավորել տիկին Դանիբեկյանին, և փորձել է բարեկիրթ կերպով ուղղակի հարցնել իր դիրքորոշումը: Նարեկն այդ ամենից հետո հանգիստ գնում է իրենց տուն, պառկում է քնելու, և ժամը 3:30-ի սահմաններում շտապօգնության աշխատակիցների անվան տակ դուռը թակում են, ներկայանում են ոստիկանության աշխատակիցներ և Նարեկին ամենավերջին հանցագործի պես բերման են ենթարկում ոստիկանության Շենգավիթի բաժին»:

Միջադեպին անդրադարձել  և կատարվածը դատապարտել է նաև ԲԴԽ-ն. «Այսօր՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրանց պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»:

Նախորդ տարի ճնշումների ենթարկված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը թեմայի առնչությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Անթույլատրելի եմ համարում դատավոր Ա. Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն անկախ նրանից, որ այն կրել է ակցիայի բնույթ։ ՄԻՊ., ԲԴԽ, Դատավորների միություն, Դատախազություն, Ոստիկանություն. ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը»։

Հիշեցնենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։ Այս որոշումից հետո Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ սկսվեցին թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ ցուցարարների կողմից։

Այն, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը դատապարտելի է, փաստում են բոլորը, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր լուռ նույն ԲԴԽ-ն, երբ նախորդ տարի ճնշումների էր ենթարկվում դատավոր Ազարյանը:

Այս հարցին անդրադարձել է նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Անկախ Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման հետ ունեցած խորը անհամաձայնությունից նրա հանդեպ կատարվածը համարում եմ անթույլատրելի։

Իշխող խմբակցության պարոնայք ու տիկնայք, մի ծառայություն մատուցեք ինքներդ ձեզ՝ ԼՌԵ՛Ք։ Ու՞ր էին ձեր լալահառաչ եւ իրավապաշտպան գրառումներն ու մտքի գոհարները, երբ ճնշում էին (էիք) դատավորներ Ազարյանին ու Գրիգորյանին։ Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ այցեքարտը՝ ստից հետո։ Հ.Գ. ԲԴԽ ղեկավարին ու անդամներին ասեք մենք ձեզ չենք հարգում, իսկ դու՞ք։ Ձեր հայտարարության փոխարեն կարող էր լինել լվացքի փոշու գովազդ»:

Թեմայի առնչությամբ 168.amը մեկնաբանություն խնդրեց փաստաբան Գևորգ Գյոզալյանից: Մասնավորապես հետաքրքրվեցինք, թե օրինակ՝ ԲԴԽ-ն ինչո՞ւ նախորդ տարի որևէ հայտարարություն չտարածեց, երբ ճնշումների էր ենթարկվում դատավոր Ազարյանը. «Անկեղծ ասած՝ ԲԴԽ-ի որևէ քայլ ինձ համար անհասկանալի է, ես չեմ կարող ասել, թե իրենք ինչու են հայտարարություն անում կամ ինչու չեն անում: Ներկա կազմը՝ փոքրիկ բացառություններով, ինձ համար անհասկանալի տրամաբանությամբ է կազմավորվել: Եվ անհասկանալի էր նաև այդ զգուշավոր ու հատվածական հայտարարությունը՝ մի դեպքում ասել, մի դեպքում՝ ոչ: Էական չէ՝ որ դատավորն է: Գրիգորյանի մասով եկեք՝ որոշակի առանձնացում անենք, նրա մասով քրեական գործ է հարուցվել, այլ հարց է՝ դա ճիշտ է, թե սխալ: Ազարյանի մասով միանշանակ համաձայն եմ՝ եթե դատավորը հայտարարում է, որ ճնշում կա իր նկատմամբ, ապա արձագանքը պետք է լինի այնպես, ինչպես եղավ Դանիբեկյանի մասով: Այստեղ այդ վերաբերմունքի տարբերակումը հատում է խտրականության սահմանը: Ցանկացած դատավոր պետք է իր հետևում զգա այդ իշխանության ուժը»:

Ինչ վերաբերում է դատավոր Դանիբեկյանի հետ կատարվածին, նա նշեց, որ սա խայտառակություն է. «Մարդը գիշերով գնում է, ինչ-որ երիտասարդ մոտենում է, և այստեղ ակնհայտ անձնավորված է, դատավորը չգիտի՝ ինչ սպասել այդ երիտասարդից, ընդհուպ կարող է իր կյանքի համար սպառնալիք լինել, գումարած՝ այս հանրային հնչեղ գործը»:

Տեսանյութեր

Լրահոս