Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել՝ իմանալով, որ հաջորդ օրը կալանավորելու են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Այս մասին գրել ենք, եւ Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Ինչպես հայտնի է, սա Հայկ Հարությունյանի առաջին հարցաքննությունը չէր լինելու։ Ըստ ՀՔԾ-ի՝ Հարությունյանը հարցաքննվելու էր։ «Սակայն օրը չեմ կարող նշել»,– ասաց ծառայության խոսնակը «Հրապարակին»։ Այլ հարցերի չցանկացավ պատասխանել։
Եվ, ուրեմն, ինչն էր հունից հանել գեներալին՝ ստիպելով նրան գնալ ծայրահեղ քայլի։ Հազիվ թե դա լիներ զուտ հարցաքննվելու հեռանկարը։ Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ իր ՀՔԾ կանչվելուց ժամեր, գուցե րոպեներ առաջ Հայկ Հարությունյանն իմացել է, որ հաջորդ օրը նրա դատավարական կարգավիճակը փոխվելու է, նրան մեղադրանք են առաջադրելու եւ, հավանաբար, կալանավորելու են։ Այս գույժը նույն օրը նրան փոխանցել է ոստիկանությանը մոտ կանգնած անձը։
Հենց կալանավորման մասին լուրն էլ դրդել է գեներալին ինքնասպանության։ Չկալանավորվելը, բերդ չգնալը կալանավայրերում աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող Հայկ Հարությունյանի համար, հավանաբար, պատվի հարց է եղել, որը նա «լուծել» է կտրուկ ու անվերադարձ։ ՀՔԾ-ից հերքում են, որ Հայկ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կամ մտադրություն է եղել։ «Դա հնարավոր չէ, քանի որ վաղեմության հարց կարող է ծագել»,– ասում է քննիչների շրջանակին մոտ կանգնած մեր աղբյուրը։
2008 թ. մայիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո անցել է 11 տարի, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածների դեպքում (Քրօր. 308-րդ հոդված, կամ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ Քրօր. 309-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասեր) օրենքը 5-10 տարվա վաղեմության ժամկետ է սահմանում։ Կարելի է կարծել, որ հենց այս քննարկումների աղավաղված լուրն էլ հասել է գեներալին այդ ճակատագրական օրը եւ կանխորոշել իրադարձությունների ողբերգական ընթացքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: