Բաժիններ՝

«Խորհուրդ եմ տալիս՝ զերծ մնալ». Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բուհի …. ԴԵԿԱՆՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՌԵԿՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ»: Այս հետ քայլը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծից է, ընդ որում, այս վատթարացնող նորմին տրված է հետադարձ ուժ: Այս կարգը գործում էր սովետական կրթական համակարգում, ինչը փորձ է արվում վերականգնել մեր օրերում: Գործող կարգի համաձայն, դեկաններն ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ ֆակուլտետում:

Հընթացս նախատեսվում է, որ գիտության թեկնածուներն օրենքի ուժով կդառնան դոկտորներ (սա էլ՝ հավանաբար, համակիրների մեջ շրջանակ ապահովելու համար է), ինչը հիշեցնում է 90-ականների նախաձեռնությունը, երբ թղթակից-անդամներն օրենքի ուժով դարձան ակադեմիկոսներ:

Մեծ հաշվով, այս և նմանաբնույթ բոլոր մյուս «նորամուծությունները» լրջագույն աղերսներ ունեն Սահմանադրությամբ ամրագրված ակադեմիական ազատության հետ, սակայն սա դեռ առանցքային դժբախտությունը չէ, այլ այն, որ այդպես էլ չի առաջադրվում ուսանողների վարձավճարի, ընդհանրապես կարիքավոր, ինչպես նաև օժտված ուսանողների խրախուսման, դասախոսական կազմի արժանապատիվ վարձատրության որևէ իրատեսական համակարգ:

Հ.Գ. Շուրջ 35 տարվա դասախոսական աշխատանքի փորձից ելնելով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ կրթության ու գիտության ոլորտում կենտրոնացված ու կանխատեսելի նշանակումներից, ֆակուլտետի անձնակազմը համարժեք պատկերացնում է, թե ով է արժանի դեկան լինելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս