Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու սպանության պատվիրատուն ազա՞տ է արձակվել
168.am-ի տեղեկություններով՝ ազատ է արձակվել Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու սպանության պատվիրատուն` Ստեփան Հակոբյանը։
Քրեակատարողական ծառայության լրատվականից այս առնչությամբ փոխանցեցին, որ Ստեփան Հակոբյանը տեղափոխվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ.
«Տեղափոխումները լինում են էտապով, օրինակ՝ կիսափակից՝ կիսաբաց, կիսաբացից՝ բաց: Քրեակատարողական օրենսգրքում նշված է՝ պատժի որ մասը կրելուց հետո իրավունք կա տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ: Հիմա Ստեփան Հակոբյանը էտապներով տեղափոխվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ: Սեպտեմբերի 16-ին որոշումը եղել է, որ նա պետք է տեղափոխվի բաց տիպի հիմնարկ»:
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 14-ին սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն բերման էր ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը: 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիևյան կամրջի վրա ձերբակալել էին այն ժամանակ, երբ նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Նա կալանավորվել է 2011թ. դեկտեմբերին: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:
Ստեփան Հակոբյանն ավելի վաղ մեղադրվում էր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին, 6-րդ, 7-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանություն:
Ստեփան Հակոբյանը դատապարտվել էր 14 տարի 11 ամիս ազտազրկման:
Վերջինիս պատժի կրման ավարտը 2026թ. է նշված, և առնվազն տարօրինակ է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդը, փաստորեն, ըստ էության, պատժի կրման ավարտից 6 տարի առաջ արդեն իր կալանքը սկսում է կրել բաց ռեժիմով:
Ի դեպ, 2015թ. մամուլում տեղեկություններ կային, որ պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց: Մամուլը գրում էր, որ Ստեփան Հակոբյանի ազատման «գինը» շատ բարձր է. հնարավոր է, որ նրան ազատեն պատժի կրմանը խոչընդոտող ինչ-որ ծանր հիվանդության հիմնավորմամբ, և նա արագ լքի Հայաստանը շատ երկար ժամանակով: