Բաժիններ՝

Հայկական երկաթուղու անխափան շահագործումը ռազմավարական նշանակություն ունի

Վերջին օրերի ընթացքում հայկական և ռուսական մամուլում քննարկվում է հայկական երկաթուղու կառավարման կոնսենսիոն պայմանագրի հնարավոր լուծումը, և հիմնական քաղաքական նպատակներով շրջանառվում է այն թեզ, ըստ որի՝ պայմանագրի լուծման դեպքում հայկական երկաթուղային համակարգը կմնա առանց շարժակազմի (գնացքների, վագոնների). նման բան չի կարող տեղի ունենալ, քանի որ Կոնսենսիոն պայմանագրի 17-8 Հոդվածի համաձայն՝ Եթե Կոնցեսիոները (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն) լուծում է սույն պայմանագիրը Կոնցեդենտի (Հայաստանի Հանրապետության) պարտավորությունների խախտման հիմքով, ապա Կոնցեդենտը (Հայաստանի Հանրապետությունը) ձեռք է բերում Կոնցեսիոների (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի) սեփականություն հանդիսացող շարժակազմը, վճարելով Կոնցեսիոներին (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին) շարժակազմի մնացորդային գինը` հաշվարկված անկախ գնահատողի կողմից` կիրառվող օրենսդրության համաձայն: Այսինքն, պայմանագրի լուծման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է իր ցանկությամբ ձեռք բերել, պահել շարժակազմը՝ վճարելով դրանց մնացորդային արժեքը:

Այս պայմանագիրը մեր երկրի տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի, և այս պայմանագիրը հնարավորություն է տալիս առանց քրեական գործեր հարուցելու իրականացնել ստուգումներ երկաթուղային համակարգում, բացահայտել խախտումները, վեճերը լուծել պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:

Սա տնտեսական խնդիր է, և այն պետք է լուծել հենվել իրավապայմանագրային դրույթների և տնտեսական մոտեցումների վրա:

Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս