«Ի՞նչ օյինբազություններ են անում՝ ՀՀ անկախության պայքարը նսեմացնելու համար». Հայրիկյանը՝ Անկախության օրվան նվիրված հիմնական միջոցառումները Գյումրիում անցկացնելու մասին
Հայաստանի Անկախության օրվան նվիրված հիմնական միջոցառումներն առաջին անգամ անցկացվում են Գյումրիում։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար սա մի փոքր անհասկանալի է:
«Սեպտեմբերի 21-ը համազգային տոն է, այն նշում են աշխարհով մեկ: Ի՞նչ օյինբազություններ են անում՝ ՀՀ անկախության պայքարը նսեմացնելու համար: Գերագույն խորհրդի նախագահության անդամ Ռուբեն Թորոսյանը որոշակի առաջարկությամբ դիմեց, հետո հանրային գործիչներ այդ մասին խոսեցին, բոլորն էլ շեշտում էին, որ մենք գիտենք՝ դա Հայրիկյանին պետք չէ, բայց առաջարկում էին արժեքային ընդհանուր ընդգրկմամբ ներկայացնել սեպտեմբերի 21-ի կայացման ճանապարհը: Բայց, եթե այդպես գնա, ապա պետք է խոսեն նաև իմ զոհված ընկերների մասին, հնչեցնեն երգերս, ու դրանով մենք կզգայինք, որ որոշակի դերակատարություն ենք ունեցել համաշխարհային գործընթացներում: Թե չէ՝ իրենք սեպտեմբերի 21-ի հետ կապված ի՞նչ են անում. ասում են՝ արցախյան շարժման արդյունքում, այսինքն՝ «Պարտիա-Լենին-Գորբաչով» և «Միացում» շարժման արդյունքում մենք հասանք անկախության հանրաքվեին: Սա դավադրություն է՝ մեր ժողովրդի առողջ մտածողության նկատմամբ:
Այսինքն, ուզում են ասել ՝ մյուս ազգերը կարող է ազատության համար էին պայքարում, իսկ մենք՝ հայերս ընդամենն ասում էինք՝ «Պարտիա-Լենին-Գորբաչով» և «Միացում»: Ոչ, մենք ունեցել ենք ազատության համար պայքարող հայկական կազմակերպություն և ակունքները հասել են Արցախ:
Նրանք հասկացել են, որ մեր հացի համար ոչ թե պետք է նամակ գրենք ռուսաց թագավորին, այլ ինքներս որոշենք: Եվ այդպես կայացել է 1988 թվականի փետրվարի 20-ի մարզային խորհրդի նիստը: Մեր ժողովրդին մաղթում եմ իմանալ ճշմարիտ պատմությունը և պատմական ձեռքբերումների ճանապարհով առաջ գնալ: Ասեմ, որ մեր մի քանի հարյուր տարվա պատմության մեջ Անկախություն հանարքվեի ճանապարհով ծրագիրը միակն է հայ ժողովրդի կյանքում, որ մշակվել է Հայաստանի ներսում և իրականություն է դարձել»,-մեզ հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը:
Անի Կարապետյան