«Եթե ես այդքան ջերմ լինեի Վալերիյ Օսիպյանի հետ, իր աշխատակազմում մի հաստիքի մեջ կտեղավորվեի». Գոռ Հակոբյան
Երեկ 168.am-ում հրապարակված «Վալերիյ Օսիպյանի՝ տարեսկզբին աշխատանքից սկանդալով ազատված օգնականը կրկին աշխատում է ոստիկանությունում» վերտառությամբ հրապարակումից ապահովման վարչության ավագ տեսուչ Գոռ Հակոբյանն ու ներկայացրեց իրադարձությունների ընթացքի իր տարբերակը։
Ըստ նրա՝ սկսած տարեսկզբից՝ իր անձի մասին տեղեկություններ են շրջանառվում, որոնք իրականության հետ կապ չունեն:
«Այո, տարեսկզբին՝ հունվարի 8-ին, ընտանեկան պայմաններից ելնելով, ես եմ խնդրել գրանցվել կադրերի ռեզերվում, այլ ոչ թե ազատվել եմ աշխատանքից, սակայն դրանից անմիջապես հետո մամուլում լուր տարածվեց, թե իբր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել, և իբր ես ձերբակալվել եմ: Նույնիսկ այն ժամանակ ես չհասկացա, թե ինչ նպատակով էր նման սուտ տեղեկություն տարածվում, և բավարարվեցի այդ տեղեկությունները տվող որոշ լրատվամիջոցներում հերքում տարածելով: Ավելին, այդ տեղեկությունները հերքել են նաև ՀՀ Ոստիկանությունը, ոստիկանապետը և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Հակոբյանը՝ հավելելով, որ ցանկացել է դիմել դատարան, սակայն իրեն հետ են պահել այդ քայլից. Ոստիկանության լրատվական ծառայությունից իրեն ասել են, որ կարիք չկա, բոլոր հերքումները տրված են։
Վերջինս նշեց, որ ինքը ոստիկանությունում աշխատում է ավելի քան 16 տարի, սկսել է շարքայինից և Վալերիյ Օսիպյանի հետ չի եկել Ոստիկանություն, նրա վարորդը երբեք չի հանդիսացել:
«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբևէ որևէ կոռուպցիոն երևույթում ներգրավված չեմ եղել, ավելին` միշտ պայքարել եմ նման երևույթների դեմ: Ինչպես տարեսկզբին, այնպես էլ հիմա չեմ հասկանում, թե ինչ նպատակով է փորձ արվում վարկաբեկել ինձ, իմ բարի համբավը»,- հավելեց ոստիկանության աշխատակիցը։
Նա նշում է, որ վերականգնվել է իր հաստիքում, և ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման շրջանում առաջընթաց չի ունեցել. 2017թ.-ից ինքն արդեն ավագ տեսուչ է եղել։
«Քաղաքի վարչությունից տեսուչ եմ եղել, հետո լավ ծառայության համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ժամանակ նշանակվել եմ այս հաստիքում, ունեմ բազմաթիվ խրախուսանքներ… Եթե այդպիսի բան լիներ, այսօրվա պայմաններում, երբ մի թեթև բանն էլ չի կարող անհետևանք մնալ, 1000 դրամի համար «կպառկեցնեին գետնին», և իմ կյանքում էլ նման գործարքների մեջ չեմ եղել։ Ապրում եմ ծնողներիս հետ, տուն էլ չունեմ, և եթե նման բան լիներ, ես գոնե միջին ապրող կլինեի»,- ասաց Գոռ Հակոբյանը։
Նա շեշտում է, որ ոչնչից չի դժգոհում, բայց ինքը ոստիկանությունում տքնաջան աշխատող սովորական ծառայող է, և եթե ինքը ոստիկանության պետի համար այդքան կարևոր մարդ լիներ, առնվազն վարչության պետի տեղակալ կլիներ։
Մեր այն հարցին, թե ինքը պնդո՞ւմ է, որ ոստիկանության պետի օգնականը չի եղել, Գոռ Հակոբյանն ասաց, որ եղել է ավագ տեսուչ, սակայն ոստիկանապետի խնդրանքով այդ ժամանակ եղել է իր կողքին, կատարել է որոշակի կազմակերպչական աշխատանքներ։
Մեր այն դիտարկմանը, թե ոստիկանությունը նշված հրապարակման մեջ հաստատել է, որ նա աշխատանքից ազատվել է, չի հերքել, որ չի եղել ոստիկանության պետի օգնականը, այլ ընդամենը՝ որպես ՀԿԱՎ ավագ տեսուչ է ծառայել ոստիկանությունում, Գոռ Հակոբյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ հաստիքով եղել է ՀԿԱՎ ավագ տեսուչ, թեպետ, ինչպես նշեցինք, կատարել է նաև որոշակի կազմակերպչական աշխատանքներ։
«Եթե ես իսկապես լինեի իր մոտ, հասարակ բան է, կլինեի օգնականի կամ անվտանգության պետի հաստիքում։ 8 ամիս եմ եղել։ Եթե ճիշտ լիներ այն, ինչ իմ մասին գրում են, ես չէի էլ բզբզա, որ նշանակվեի, բայց ես այնքան արդար եմ եղել, որ հիմա էլ համարում եմ, որ իմ անունից թանկ բան չկա։ Գիշեր-ցերեկ ես աշխատեմ, այս հեղափոխությանն էլ… իմ ֆունկցիոնալ պարտականությունները կատարեմ, ու ինչ-որ մի պիտա՞կ…»,- ասաց Գոռ Հակոբյանը։
Վերջինս կարծում է, որ, եթե ինչ-որ մեկի ուզում են կպչել, դա անում են նրան հավատարիմ մարդու միջոցով։
«Իրեն շատ հարգում, ընդունում եմ, բայց պարզ է, որ ոստիկանության պետին էին ուզում կպչել, դա արել են իմ միջոցով։ Ես քաղաքի վարչությունում էլ եմ աշխատել պարոն Օսիպյանի հետ, բնական է, որ կան աշխատանքային հարաբերություններ, բայց եթե ես այդքան ջերմ պիտի լինեի նրա հետ, իր աշխատակազմում մի հաստիքի մեջ կտեղավորվեի»,- եզրափակեց Գոռ Հակոբյանը։
Գոհար Սավզյան