Վալերի Օսիպյանի՝ տարեսկզբին աշխատանքից սկանդալով ազատված օգնականը կրկին աշխատում է ոստիկանությունում

Այս տարեսկզբին՝ ամանորյա տոներից անմիջապես հետո, լուր տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել՝ ձերբակալվել է Գոռ Հակոբյանը, ով ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի հետ միասին և նրա «աջ թևն» էր համարվում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ոստիկանապետի վարորդի պարտականություններն էր կատարում։ Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների՝ Գոռ Հակոբյանին մեղադրում էին 17 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ՝ աշխատանքի տեղավորելու միջնորդության համար։ Ընդ որում, դրանից օրեր առաջ Հակոբյանն անսպասելիորեն ազատվել էր աշխատանքից՝ առանց որևէ պաշտոնական բացատրության։

Ոստիկանության լրատվական վարչությունից պաշտոնապես հաստատել էին Վալերի Օսիպյանի աշխատակազմի աշխատակից Գոռ Հակոբյանի ազատման մասին լուրը, իսկ թե որն է եղել ազատման պատճառը, ասել էին՝ «ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»: Ոստիկանությունում տեղյակ չէին ձերբակալության կամ կալանավորման մասին, անգամ հերքել էին այդ փաստը։

Ինչևէ, փաստն այն էր, որ ոստիկանապետի օգնականն առանց մեկնաբանության ազատվել էր աշխատանքից, և այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ ի՞նչ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով էր, որ ոստիկանության պետի ամենավստահելի մարդն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից։

Սակայն ուշագրավն այն է, որ այսօր 168.am-ին տեղեկություն հասավ, որ Գոռ Հակոբյանին վերադարձրել են համակարգ։ Ըստ մեզ հասած տեղեկության՝ նա աշխատանքի է անցել  ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության կազմում և կատարում է նույն այն «գործառույթները», ինչ նախկին պաշտոնում։

Այս տեղեկությունը մենք փորձեցինք ճշտել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։

Վերջինս, ըստ էության հաստատելով մեր տեղեկությունները, ասաց, որ Գոռ Հակոբյանն օգոստոս ամսին ոստիկանության կադրերի ռեզերվից նշանակվել է ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ավագ տեսուչի պաշտոնում։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս