«Եթե փախնելու լինեի՝ այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին». Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած  միջնորդությունը։

Որոշման հրապարակումից հետո դատարանն անցավ պաշտպանների կողմից ևս երկու միջնորդության քննության՝ գրավը կիրառել որպես այլընտրանքային խափանման միջոց,  և Քոչարյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելուն։

Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարանին նրան գրավով ազատ արձակել, նշելով, որ չորս ամիս մնալով ազատության մեջ՝ Քոչարյանը  որևէ փորձ չի արել քննությունից թաքնվելու համար։

Խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ դատախազության աշխատակիցների համար երևի դժվար է հասկանալ, որ ինքն այն մարդը չէ, որը կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործին։

Կարդացեք նաև

«Հասկանում եմ, որ իրենց և շատերի համար իսկապես սա հասկանալը դժվար է։ Եթե փախնելու լինեի, ապա այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին։ Մարդու կենսագրությունը շատ ավելի լավ է  խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որոնք նա կարող է անել։ Սա՝ ուղղակի, պարզապես չեմ ուզում այս թեմայի մեջ խորանալ»,- նշեց նախկին նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը նաև հավելեց, որ ինքը որևէ կերպ չի ազդելու գործի վրա, քանի որ ամբողջ քրեական գործում կա իր անձի հետ կապված ընդամենը 2-3 դրվագ։
«Առաջինը իմ հանդիպումն է բարձրագույն զինվորական կազմի հետ նախագահականում, դրա հետ կապված կա 13 հոգու ցուցմունք։ Կա ևս մի քանի մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա մեջ իմ հետ շփում են ունեցել հեռախոսով, կամ անմիջապես։ 850 վկաներից միայն նրանք են, որ ինձ տեսել են ֆիզիկապես, կամ ինձ հետ շփվել են։ Դրանցից մեկը ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ համաձայնեցրել ենք ու քննարկել արտակարգ դրության հրամանագիրը, Սերժ  Սարգսյանը՝ որպես վարչապետ, զանգել եմ ու համաձայնեցրել հրամանագիրը, Հայկ Հարությունյանը՝ որպես ոստիկանապետ, և Արմեն Գևորգյանը, որին հանձնարարվել է հրամանագիր պատրաստել արտակարգ դրության մասին։ Ամբողջ այդ հատորների մեջ չկա մեկ մարդ այս շրջանակներից դուրս, որին ես տեսած լինեմ, որոնք ինձ հետ շփված լինեն»,- ընդգծեց Ռ. Քոչարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս