Սաակաշվիլին բացահայտել է, թե ինչ էին բերել ամերիկյան ռազմանավերը
2008թ.-ին Վրաստան ուղևորված ամերիկյան ռազմանավերը բերել են ոչ միայն մարդասիրական օգնություն: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ռուսներն իմացել են, որ այդ նավերում միայն ջուր չէ: Եղել են նաև ծանր հրթիռակիրներ, Թուրքիայում ու Ռումինիայում օդային բազաները բերվել էին մարտական պատրաստվածության: Ամերիկացիներն այդ ժամանակ (2008թ.-ի ռուս-վրացական պատերազմի օրերին) շատ վճռական էին տրամադրված»,- խոստովանել է նախագահը:
Նա ընդգծել է պատերազմի օրերին վրացական բանակի «հերոսական դիմադրությունը» ռուսական զորքին:
Խոսելով ամերիկյան ներկայիս վարչակազմի հետ ունեցած հարաբերությունների մասին` Սաակաշվիլին ասել է, որ այն նույնպես «շատ բան է արել, ավելի շատ, քան կարելի էր պատկերացնել» : Նա առանձնացրել է պաշտպանության ոլորտում աջակցության նոր ծրագիրը, ինչպես նաև ազատ առևտրի շուրջ Վրաստանի հետ երկխոսություն սկսելու որոշումը: «Դա մեր տնտեսության համար երկնային մանանա է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին` 2008թ.- ի պատերազմի 4-րդ տարելիցի օրը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել էր, որ մինչ 2008թ.-ի պատերազմը, Ռուսաստանը մշակել էր վրացական ագրեսիային հակազդելու ծրագիր, համաձայն որի էլ գործել են: