«Հարվածը վերև էր խփում, տան իրերը «թռչկոտում էին»». Գագիկ Համբարյան
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հյուսիսային շրջաններում ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Գյումրիից 25 կմ հեռավորության վրա գտնվող Ամասիայում, որը երկրաշարժի էպիկենտրոնն է եղել, ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ։
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու ուժգին ցնցումները գյումրեցիներին դուրս են բերել իրենց տներից։
«Հարվածն ալիքաձև էր, վերև էր խփում։ Տան իրերը թռչկոտում էին։ Բայց քաղաքում խուճապ չկա։ Հիմա էլի հետցնցումներ են գրանցվում, բայց մարդիկ արդեն իրենց տներում են»։
Մեր այն հարցին, թե արդյոք քաղաքում ավերածություններ չկան, Գագիկ Համբարյանն ասաց, որ ոչ մի քանդված շենք չկա։
«Քիչ առաջ անցել եմ քաղաքով, նույնիսկ թույլ շենքերը կանգուն էին։ Մարզպետարանի մոտ կա այդպիսի շենք, որ ամեն պահի կարող է փլվել, բայց նույնիսկ այդ շենքն էր կանգուն»,-ասաց Գագիկ Համբարյանը։
Ստեփանավանում նույնպես ուժեղ են զգացել երկրաշարժի հարվածները։ Բնակիչները մեզ հետ զրույցում պատմում էին, որ բավականին վախեցել են, դուրս են եկել տներից, հիմա էլ հետցնցումները շարունակվում են, բայց արդեն տուն են մտել։
Գոհար Սավզյան