Բաժիններ՝

Հոնկոնգում զբոսաշրջիկների հոսքը 40 տոկոսով նվազել է բողոքի ակցիաների պատճառով

Հոնկոնգում երեք ամիս շարունակվող բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի զբոսաշրջության ինդուստրիային եւ հյուրանոցային բիզնեսին: Օգոստոս ամսին մեգապոլիս այցությունների թիվը 40 տոկոսով ընկել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ: Այդ մասին իր բլոգում հայտնել է Հոնկոնգի ֆինանսների հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Պոլ Չանը։

Նա նշել է, որ տեղի հյուրանոցներում կեցության արժեքը այսօրվա դրությամբ նվազել է 40-ից 70 տոկոսով: Այն շրջաններում, որտեղ տեղի են ունեցել ցույցեր, հյուրանոցների զբաղվածությունը կրճատվել է ավելի քան կրկնակի:

Քաղաքի՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական վայրերը նկատելիորեն դատարկվել են: Կոզուեյ-բեյ, Չիմ Շա Ցույ եւ Մոնգկոկ առեւտրաժամանցային շրջաններում կտրուկ նվազել է ռեստորանների հաճախելիությունը: Զբոսաշրջիկների հոսքի կրճատում է դիտվել նաեւ Մակաոյում՝ «ասիական Լաս-Վեգասում», ուր Հոնկոնգից լաստանավով կարելի է հասնել մեկ ժամվա ընթացքում:

Սեպտեմբերի 4-ին տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը համաձայնել է կատարել ցուցարարների հինգ պահանջներից մեկը եւ ամբողջությամբ հետ է կանչել արտահանձնման օրինագիծը, որը թույլ է տալիս տեղի իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին:

Չնայած դրան, ընդդիմության մի քանի կողմնակիցներ պատրաստակամություն են հայտնում շարունակել իրենց ակցիաները, սակայն, դիտորդների կարծիքով, հակակառավարական ելույթների մասշտաբն ընդհանուր առմամբ աստճանաբար գնում է դեպի անկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս