«Հասարակության կողմից դաժանորեն կպատժվի նա, ում մտքով կանցնի բռնի ուժով կանխել քաղաքական զարգացումները». Ռուբեն Հակոբյան

Սեպտեմբերի 5-ին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո «Սասնա ծռերի» քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է առկա քաղաքական իրավիճակը։

Հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանը նույնպես նշել էր, որ խոսել են երկրում առկա իրավիճակի շուրջ մտահոգությունների մասին՝ ասելով. «Խոսել ենք նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին, կարծում եմ՝ կշարունակենք խոսել, կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ որ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկել ու իրազեկելու ենք։ Հուսանք՝ ապագայում այս ուղղությամբ շփումն ավելի ինտենսիվ կլինի։

Մեզ անհանգստացնում է երկրում ստեղծված իրավիճակը, բոլորս էլ նկատում ենք, թե ինչպես են հները փորձում պատրաստվել ռևանշի, մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը։ Մենք վարչապետին նաև կհուշենք, որ ՀՀԿ կազմակերպությունը վաղուց պետք է արգելված հայտարարվեր»,- ասել է Սէֆիլյանը:

Այս հանդիպման վերաբերյալ 168.am-ը զրուցել է «Ակունք» քաղաքական վերլուծական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ։

– Պարոն Հակոբյան, օրերս «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպել են վարչապետի հետ, որի հետ կապված՝ վարչապետը որևէ տեղեկություն չհայտնեց, ինչը սովորաբար անում է շատ հանդիպումներից անմիջապես հետո, իսկ Ժիրայր Սէֆիլյանը նշեց, թե քննարկել են Հայաստանի ներքին խնդիրներին վերաբերող հարցեր։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը։

– Եթե այս հանդիպմամբ վարչապետը քաղաքական առումով ցանկանում է ցույց տալ, որ ունի ընտրություն նաև Արևմուտք, քանի որ «Սասնա ծռերի» անդամներն ընդգծված, երբեմն էլ՝ չափազանց են արտահայտվում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և այլն մասին, ապա պարտադիր չէր նրանց հետ հանդիպել։ Որովհետև գաղտնիք չէ, որ այս թիմն ունի «ուրույն» քաղաքական ձեռագիր, նկատի ունեմ ՊՊԾ գնդի գրավումը և այլն, և չեմ հասկանում, թե ինչ շահեց Նիկոլ Փաշինյանը։ Կամ չեմ հասկանում՝ արդյո՞ք նա խորհրդակցել է Ոստիկանության կամ ուժայիների, բանակի ղեկավարության, Ազգային անվտանգության խորհրդի հետ։ Դժվար է ասել: Չեմ կարծում, որ այս հանդիպումը որևէ դիվիդենտ բերեց Փաշինյանին, գուցե ինչ-որ տեղ դիվիդենտ բերեց «Սասնա ծռերին»։ Շատ տարակուսած եմ։

– Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք։

– Անձամբ մտահոգություն չունեմ, բայց կրկնում եմ՝ «Սասնա ծռերն» ունեն «ուրույն» ձեռագիր քաղաքական դաշտում։ Մի առիթով ասել եմ, որ, ի վերջո, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իր ձևակերպումներով, ամբոխահաճո արտահայտություններով ասում է, թե միևնույն է՝ մնալու է իշխանությանը։ Նկատի ունենալով նաև Արցախում ամբոխահաճո ելույթը, ինձ համար շատ անսպասելի ու զարմանալի է, քանի որ նա նշեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Եթե «Սասնա ծռերի» անդամների հետ հանդիպումն այն է, որ անհրաժեշտության դեպքում կարող են նաև այդ մարդկանց փորձն օգտագործել, ապա դա ծիծաղելի է, նման բան խորհուրդ չեմ տա։ Նույնիսկ կզգուշացնեմ, որ հանկարծ չմտածեն։ Եթե ասվում է, որ թույլ չեն տա հների վերադարձը, ապա, ինչպես իրենք են փորձում մատուցել ժողովրդին՝ նման բան չկա։

Հիմա Ժիրայրից ավելի հին մարդիկ կա՞ն մեր քաղաքական դաշտում։ Հասարակության կողմից դաժանորեն կպատժվի նա, ում մտքով կանցնի, որ բռնի ուժով կարող է կանխել քաղաքական զարգացումները։ Թող ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ այդ տղաների մտքով չանցնի նման բան։

– Վարչապետի հետ հանդիպումից հետո Ժ. Սէֆիլյանը նշեց, որ նախկինները պատրաստվում են ռևանշի, և իրենք այն ուժն են, որ չպետք է թույլ տան այդ ռևանշը։ Հաշվի առնելով «Սասնա ծռերի» պայքարի մեթոդները, կարո՞ղ ենք ենթադրել, որ քաղաքական պայքարի միջոցներից մեկն առաջիկայում կլինի զենքը։

– Ես այդ հարցին արդեն պատասխանեցի և չեմ ուզում շատ մանրամասնել։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ասում եմ, նաև զգուշացնում, որ որևէ մեկի մտքով չանցնի ինչ-որ բռնի ուժով ու գործելակերպով կանխել նորմալ զարգացող քաղաքական գործընթացները։ Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև այդ չի մտածում, թե ինչ կարող է այդ հանդիպումը տալ, կամ ինչպիսի տրամադրություններ այն կստեղծի հանրության շրջանում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս