Հունվար-հուլիս ամիսներին արտահանումն աճել է
2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.3%-ով, ընդ որում՝ արտահանումն աճել է 3%-ով, իսկ ներմուծումը՝ 1.9%-ով։
Այս մասին նշված է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների վերաբերյալ հաշվետվությունում։ Հատկանշական է, որ Հայաստանից արտահանումը 2019 թվականի հուլիսին հունիս ամսվա նկատմամբ աճել է 6.8%-ով, իսկ ներմուծումը՝ 6.5%-ով։
Հատկանշական է, որ արտահանման աճի տեմպը նախորդ ամսվա համեմատ արագացել է, մասնավորապես, եթե 2019 թվականի հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ արտահանումն աճել էր ընդամենը 1.2%-ով, արդեն 2019-ի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ արտահանման աճը կազմել է 19.5%։
2019-ի հունվար-հուլիսի դրությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.9%, որից 27.5%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմում է ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 21.8%-ը։ Խոշոր մասնաբաժին ունի նաև Չինաստանը՝ 11.9% և Շվեյցարիան՝ 6.4%։
2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները ավելացել են 10%-ով, իսկ դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 22.7%-ով, այլ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները ավելացել են 17.9%-ով։
ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները հիմնականում աճել են, բացառությամբ՝ Ղազախստանի և Ուզբեկստանի։ 9.4%-ով աճել է ՌԴ արտահանվող ապրանքների ծավալը։
Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա հունվար-հուլիսին ավելացել է դեպի Իտալիա և Նիդերլանդներ արտահանվող ապրանքերի ծավալները համապատախանաբար՝ 23.2%-ով և 40.3%-ով, սակայն կրճատվել է դեպի Բելգիա, Բուլղարիա և Գերմանիա արտահանումը։
Կտրուկ աճել է արտահանումը դեպի Չինաստան՝ 72.6%, ինչպես նաև դեպի Շվեյցարիա՝ 25.3%-ով և Իրաք՝ 25.5%-ով։ Արտահանվող ապրանքների ծավալները նվազել են դեպի ԱՄՆ, ԱՄԷ և Իրան։
Նշված ժամանակահատվածում 38.8%-ով աճ է գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր ապրանքախմբի արտահանման ծավալը, ինչպես նաև 10.3%-ով աճել են պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալները, և միևնույն ժամանակ 4.4%-ով նվազել է հանքահումքային արտադրանքի արտահանումը, և 23.2%-ով՝ մանածագործական իրերինը։