Բաժիններ՝

Դպրոցներում նոր առարկա՞ կդասավանդվի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ու Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան եկել են ընդհանուր հայտարարի:

Նախարարության առաջարկով ասոցիացիան գիրք է պատրաստել դպրոցականների համար, որն առաջիկայում քննարկվելու է:

Նոր առարկան կոչվում է Սպառողական գիտելիքների հիմունքներ:

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով՝ սա շատ կարևոր առարկա է, մարդիկ կամաց-կամաց իրենց իրավունքները պետք է իմանան: Կա ինֆորմացիա, թե, օրինակ, ինչպե՞ս օգտվել տրանսպորտից, ինչպե՞ս հասկանալ՝ տուրիստական ընկերություններն իրենց խաբո՞ւմ են, թե՞ ոչ, ինչպե՞ս խաղամոլությամբ չտարվել, թակարդը չընկնել, և այլն:

Կարդացեք նաև

«Գիրքը մոտավորապես 8-րդ դասարանի երեխաների համար է նախատեսված: Հավանաբար կդասավանդեն հաջորդ տարվանից: Թեթև գիրք է, երեխաները ոչ քննություն են հանձնելու, ոչ էլ բալայաին համակարգ կա, երեխաներից չի պահանջվում տնային աշխատանք: Հավատացե՛ք, այս առարկան ավելի շատ կսիրեն, քան մնացածները: Սկզբի համար մի քանի դպրոցներում սպառողական ակումբներ ենք ստեղծելու, որպեսզի ուսուցիչներին ու ծնողներին ցույց տանք, թե ինչպես է անցկացվելու դասը»,- 168.am-ին հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով, դեռևս չգիտեն՝ առարկան առանձի՞ն է դասավանդվելու, թե՞ այլ առարկայի հետ համատեղ:

«Սա ուղղակի գիտելիք է, որ մենք տալիս ենք երեխային, որպեսզի նա  դառնա քաղաքակիրթ սպառող, վաղը կամ մյուս օրը խնդիրների առջև չկանգնի: Օրվա մեջ բազում դիմում-բողոքներ ենք ստանում. այս ապրանքը գնեցինք, հետ չեն վերցնում,  սա գնեցինք, թունավորվեցինք, չենք կարողանում հաստատել, և այլն: Ամեն մարդ պետք է իր իրավունքներն իմանա, իրեն պաշտպանի: Պետք է նաև իր պարտականություններն իմանա: Առարկան կարող է վերջին ժամին լինել,  երեխաներին վերցնեն, տանեն  խանութ ու այդպես բացատրեն, թե ո՞րն է սպառողի, վաճառողի իրավունքն ու պարտականությունը: Տանեն արտադրամասեր ու ցույց տան, թե ինչպե՞ս է արտադրվում այս կամ այն ապրանքը»,- նշեց Մելիտա Հակոբյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս