«Ճիշտ կլիներ, եթե քաղաքապետը հնչեցներ տեսլական, թե ինչպես է պատկերացնում քաղաքի կառավարումն աղբահանության մասով». Դավիթ Խաժակյան
Երեկ լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ «ՍանիՏեք» ընկերությունը, արդեն 6-րդ օրն է՝ դուրս չի եկել աղբահանության: Եվ այդ ամենը, ըստ քաղաքապետի, հիմք է հանդիսացել «ՍանիՏեքի» հետ պայմանագրի լուծարման գործընթաց սկսելու համար, որն այս պահին ընթացքի մեջ է։
Քաղաքապետի այս հայտարարությունից հետո 168.am-ի հետ զրույցում «ՍանիՏեքից» նշել էին, որ որևէ մեկնաբանություն չեն կարող տալ, քանի որ պատրաստվում են շաբաթվա վերջում հանդես գալ հայտարարությամբ։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանը՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ, երբ ինքը հարցրել է՝ արդյո՞ք ընկերության նկատմամբ իրավական գործընթացը վերաբերում է պայմանագրի լուծարմանը, քաղաքային իշխանությունից պատասխանը դրական չի եղել։
«Այս ընթացքում իրավական գործընթացները եղել են տույժերի ու տուգանքների տեսքով, որոնք չեն կարգավորել խնդիրը։ Այսօր պետք է սպասենք քաղաքապետարանի հաջորդ քայլերին»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Նրա դիտարկմամբ՝ ընկերության հետ պայմանագրի լուծարումը մի գործընթաց է, որը քաղաքապետը պահում է իր մեջ և ցանկանում հրապարակել, ինչը, Դ. Խաժակյանի կարծիքով՝ սխալ է, քանի որ, միևնույն է՝ դրա արդյունքում չի ստացվում խնդիրը կարգավորել։
«Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հնչեցներ տեսլական, թե ինչպես է պատկերացնում հետագայում քաղաքի կառավարումն աղբահանության մասով, և սկսեր դա իրականացնել։ Շուտով մենք անփոփելու ենք քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին և արձանագրում ենք, որ աղբահանության լուծման վերջնական տեսլական քաղաքապետարանը չունի։ Թեպետ արդեն հասկանալի է, որ աղբահանության համայնքային հիմնարկը, որը ստեղծվեց, հենց իրենց վերջնանպատակն է»,- շեշտեց Դ, Խաժակյանը։
Նրա խոսքով՝ եթե քաղաքապետարանը «ՍանիՏեքի» հետ պայմանագիրը խզի, ապա դրանից հետո քաղաքի երկու հատվածների համար պետք է լինի միջազգային մրցույթ, որտեղ հաղթող կազմակերպությունները կստանձնեն քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման պատասխանատվությունը, ինչն անպայման պետք է լինի մրցակցային, այսինքն՝ քաղաքի երկու կեսերը պետք է սպասարկեն երկու տարբեր օպերատորներ։
«Իսկ քաղաքապետրանն իր գույքը կարող է կառավարման հանձնել այդ կազմակերպություններին և, բնականաբար, իրականացնի վերահսկողություն։ Արդեն նշեցի, որ ցանկալի կլիներ, որ երկու միջազգային մրցույթ հայտարարվեր, բայց այդուհանդերձ, կարծում եմ՝ քաղաքապետի մտքում այդ հիմնարկի գործունեությունն է»,- ասաց նա։
Հարցին՝ պայմանագրի լուծարման գործընթացի համար որքա՞ն ժամանակ կպահանջվի, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ պայմանագրի լուծարումը, հնարավոր է՝ տևի մի քանի ամիս, քանի որ «ՍանիՏեքը» կատարում է նաև սանմաքրման աշխատանքներ, և այս պահին քաղաքապետարանը սանմաքրման համար միջոցներ չունի։
Անդրադառնալով «ՍանիՏեք» ընկերության 6 նոր աղբատարների՝ ՊԵԿ-ի տուգանային հրապարակում գտնվելու հանգամանքին, Դավիթ Խաժակյանն ասաց, որ ՊԵԿ-ը պետք է հրապարակի, թե իրականում ինչ է կատարվում։
«ՍանիՏեքը», լինելով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն, իր նկատմամբ իրականացվող վարչարարությունը, որն իրականացրեց ՊԵԿ-ը, պետք է լիներ թափանցիկ և ներկայացներ հաշվետվություն, թե ինչ գործընթաց է սկսել ընկերության նկատմամբ։ Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ՊԵԿ-ը, այլև այլ պետական մարմիններ, այդ թվում՝ «ՍանիՏեքը» և քաղաքապետարանը, թափանցիկ և հաշվետու կերպով իրենց ծրագրերը չեն ներկայացնում, և սա վերաբերում է տարբեր ոլորտների»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը։
Զվարթ Խաչատրյան