Ուրիխանյանը՝ Մասիսում հնչած կրակոցների մասին

«Ինչպես միշտ, եթե իրավապահ մարմինների գործառույթների տիրույթում իրադարձություն է հայտնվում, ես ակնկալում եմ անաչառ ուսումնասիրություն, քննություն և վարույթ` անկախ որևէ այլ, այդ թվում քաղաքական նկատառումներից»,- այսօր 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդու ձերբակալման փաստը, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Քանի որ այդ գործի վերաբերյալ մեկնաբանություն չի հնչել, ես էլ գործի նյութերին ծանոթ չեմ, սպասենք, թե ինչ եզրակացություն կտան իրավապահ մարմինները: Ամեն դեպքում, եթե որևէ ոտնձգություն կա այլ շահագրգիռ քաղաքացիների կամ անհատների կողմից, բնականաբար, դա դատապարտելի է, և կոչ կանեմ իրավապահների անկողմնակալ քննությամբ սահմանել համապատասխան պատիժներ հանցագործների համար: Ինչ վերաբերում է մեր թեկնածուին, ես հույս եմ ուզում հայտնել, որ որևէ քաղաքական նկատառում կամ դրդապատճառ այդ գործողություններում չկա ոչ մի կողմի մոտ»,- հավելեց ԲՀԿ խոսնակը:

Իսկ մեր հարցին, թե Ավետիք Դալլաքյա՞նն է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական թեկնածուն Մասիսի քաղաքապետի ընտրություններին, քանի որ այնտեդ առաջադրվել են ևս երկու ԲՀԿ-ական թեկնածուներ, Տ.Ուրիխանյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ ևս մի քանի օր սպասել, և վերջնական որոշման մասին Դուք կտեղեկացվեք»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին՝ Վոլոդյա Դալլաքյանը: 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանի ձերբակալությունը կապված է օգոստոսի 13-ի ուշ երեկոյան նրա տան շրջակայքում հնչած կրակոցների հետ: Դալլաքյանից բացի, ձերբակալված է նաև 22-ամյա մի երիտասարդ՝ Համբարձում Հովհաննիսյան անուն-ազգանունով, ով ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի հեռավոր ազգականն է և ՀՀԿ-ական թիմի ներկայացուցիչ:

Նրանց մեղադրանք առաջադրելու համար սահմանված 72 ժամը դեռևս չի լրացել։ Միջադեպի առիթով հարուցված է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով, որի համար նախատեսված պատիժը 4-7 տարվա ազատազրկումն է: Ոստիկանության պաշտոնական վարկածն այն է, որ օգոստոսի 13-ին ժամը 23:00-ի սահմաններում 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դիտավորությամբ  ծակել է Վոլոդյա Դալլաքյանի տան դիմաց կայանված «ՎԱԶ-21-21» մակնիշի ավտոմեքենայի անիվը, որից հետո թեկնածուի որդին իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանից նրա ուղղությամբ արձակել է 2 կրակոց, Հովհաննիսյանը փախել է, հետո կես ժամ անց վերադարձել, «Մակարով» տիպի պնևմատիկ ատրճանակից կրակոցներ արձակել նույն ավտոմեքենայի ուղղությամբ ու վնասել այն:

 

 


Տեսանյութեր

Լրահոս