«Մեզ մնում է արագ մոբիլիզացվել, ձևավորել կամավորական ջոկատներ, ինչպես խորհրդային իշխանության տարիներին, և մեկնել Արցախի առաջնագիծ»

168.am-ը Արթուր Ղազինյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, թե՝ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»:

«Եթե այս միտքն արտահայտեր ծանր մանկություն ունեցած, բարդ հոգեվիճակում գտնվող, իր բախտն անիծող և շուրջբոլորն ամեն ինչ ու բոլորին ատող ընդդիմադիր լրագրողը, կարելի էր ծիծաղել կամ առնվազն քննադատել՝ իրավական տարրական գիտելիքների բացակայության կամ չիմացած բանի մասին խոսելու համար։

Բայց երբ այս վտանգավոր և հայկական շահին հակասող հայտարարությունն անում է Հայաստանի ղեկավարը, որն ի պաշտոնե օժտված է ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրացման, այդ թվում՝ նաև Արցախի հարցով Ադրբեջանի հետ բանակցելու բացառիկ իրավասությամբ, ապա մեր վիճակն իրոք շատ ծանր է։

Այստեղ պետք է պարզել, թե այս հայտարարության պատճառ է դարձել իրավական գիտելիքների և միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների անբավարարությո՞ւնը, թե՞ այն արվել է կոնկրետ նպատակով և հստակ գիտակցված։

Կարդացեք նաև

Առաջինի պարագայում արագ պետք է կազմակերպել միջազգային իրավունքի վերապատրաստման կուրսեր, կամ Փաշինյանին ժամանակավոր մեկուսացնել ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելուց և կարևոր բանակցություններին մասնակցելուց։

Իսկ եթե դա արվել է գիտակցված և հետապնդել է կոնկրետ նպատակ, ապա մեզ մնում է արագ մոբիլիզացվել, ձևավորել կամավորական ջոկատներ, ինչպես խորհրդային իշխանության տարիներին, և մեկնել Արցախի առաջնագիծ։

Առաջիկա ամիսներին ջուրը կմաքրվի, և ամբողջ կեղտը դուրս կգա ջրի երես։

Մեր քաղաքացիները շուտով կհասկանան, թե ով ով է, ինչի մասին է»:

Տեսանյութեր

Լրահոս