Ամերիկահայ հիմնադրամը կոշիկներ է նվիրել Հայաստանի որբերին
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամը նախաձեռնել է մինչև 2015 թվականը իրագործել 100 ծրագիր, որոնցից մեկը՝ Հայաստանի որբ երեխաներին կոշիկներ նվիրելն է, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» օրաթերթը։
Ծրագրի իրականացման շրջանակներում, վերջին երեք ամիսների ընթացքում 25.000 կոշիկներ են բաժանվել Հայաստանի 14 քաղաքներում և հարյուրից ավելի գյուղերում գործող որբանոցներին և գիշերօթիկներին:
«Հայաստանի որբ երեխաներին կոշիկներ նվիրելու ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ առատաձեռն բարերարների և կոշիկներ արտադրող ամերիկյան ընկերության ջանքերի, իսկ դրանք բաժանելու գործը վստահվել էր Հայաստանի, Միացյալ Նահանգների և Շվեդիայի հայ կամավորներին»,– ասել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը։
Տասնութ ամսվա ընթացքում իրականացված այս բարեգործական նախաձեռնության մասին, «Փարոս» ընկերությունը պատրաստել է 9 վայրկյանանոց տեսաերիզ: