Telegram-ի օպերատորները պլանավորում են թողարկել Gram կրիպտոարժույթը. The New York Times
Telegram մեսենջերի օպերատորները, որը թույլ է տալիս փոխանակել հաղորդագրություններ եւ տարբեր ձեւաչափերի մեդիաֆայլեր, պլանավորում են «առաջիկա երկու ամսվա ընթացքում» շրջանառության մեջ դնել Gram սեփական կրիպտոարժույթը: Այդ մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է The New York Times ամերիկյան թերթը՝ հղում անելով ներդրողների թվից երեք աղբյուրի:
Նրանց տվյալներով՝ Telegram-ը պլանավորում է տրանզակցիաներ իրականացնել Gram-ի օգտագործմամբ, որը հասանելի կլինի մեսենջերի հավելվածի 200 միլիոնից մինչեւ 300 մլն օգտատերերի: Հրապարակման համաձայն, այդ ծառայության օպերատորների հավակնությունների չափն ակներեւ դարձավ տակավին 2018 թվականի սկզբին, երբ նրանց հաջողվեց 1,7 մլրդ դոլարի չափով ներդրումներ ներգրավել խոշոր կապիտալի ներկայացուցիչներից, ներառյալ Սիլիկոնային հովտի վենչուրային հիմնադրամները: Ներկայացված փաստաթղթերում, որոնց ծանոթացել է թերթը, ճշտվում է, որ Gram-ը կառուցվածքային առումով գործելու է նույնքան ապակենտրոնացված, որքան եւ բիթքոյնը՝ ավելի հեշտությամբ խուսափելով պետական հսկողության միջոցներից:
Նոր կրիպտոարժույթի կառավարումը ենթադրվում է իրականացնել «համակարգիչների ապակենտրոնացված ցանցի օգնությամբ, որոնք Telegram-ին թույլ չեն տա հսկել Gram-ի շրջանառությունը»: թերթի աղբյուրներն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ մեսենջերի օպերատորները, ի տարբերություն Facebook ամերիկյան ընկերության, որը հունիսին հրապարակավ հայտարարեց 2020 թվականին Libra կրիպտոարժույթը շրջանառության մեջ դնելու պլանների մասին, չեն բացահայտում իրենց նախապատրաստությունները եւ գործում են գաղտնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: