Բաժիններ՝

Հողերի վարակվածությունը չի վերահսկվում

Հողակտորների վարակվածությունը լուրջ խնդիր կարող է առաջացնել մարդու առողջության համար: Վարակները հանրապետության հողեր են ներթափանցում տարբեր միջոցներով: Երկիր ներթափանցած ոչ ախտահանված սերմերը, պարարտանյութերը, ոռոգման ջուրը տարատեսակ վարակների աղբյուր են հանդիսանում:

Ըստ «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի` հողերում տարածված վարակները սննդի միջոցով անցնում են նաև մարդու օրգանիզմ: «Որևէ մեկը չգիտի, թե այդ վարակները մարդու օրգանիզմին ի՞նչ վնաս կարող են հասցնել: Մարդիկ մի տարի լոլիկ են տնկում: Սերմի կամ այլ ճանապարհներով այդ վարակը գալիս և տարածվում է հողում: Հաջորդ տարի ևս մենք այդ հողից բերք ենք ուտում: Ստացվում է` տարիներ շարունակ մենք վարակված բերքով ենք սնվում` չիմանալով, թե ինչի՞ կարող է այդ ամենը հանգեցնել»:

Ս. Սեդրակյանի խոսքով՝ այդ ամենի պատճառը համապատասխան պետական կառույցների անտարբերության հետևանք է, որոնք կոչված են այդ խնդրով զբաղվելու: Չնայած դրան, Ս. Սեդրակյանն ասում է, որ այս հարցում իր մեղքի բաժինն ունի նաև գյուղացին: «Եթե պատկան մարմինները չեն զբաղվում մշակովի տարածքների պարբերաբար ստուգումներով, ապա գյուղացին ինքը պետք է ստուգման հանձնի իր հողը, ոռոգման ջուրը, որպեսզի համոզվի, որ առողջ սնունդ է առաջարկում սպառողին: Անտարբերություն է տիրում թե՛ գյուղացիների շրջանում, թե՛ պատկան մարմինների»,- ասում է Սարգիս Սեդրակյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս