«Չի՛ եղել նման բան. ես կարո՞ղ եմ քայլել, մի հատ էլ փախչեմ». Սեյրան Սարոյան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներել Սեյրան Սարոյանն այսօր ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու «Ժամանակ» թերթի այն հրապարակման իսկությունը, որով տեղեկացնում էին, թե «Օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:

Մինչ ասուլիսի մեկնարկը նա լրագրողներին տեղեկացրեց, որ նոր է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ բուժվում էր և մինչ օրս բժիշկների հսկողության տակ է: Ապա դիմելով նրանց՝ հարցրեց. «Առանց մեզ ո՞նց է անցնում կյանքն ԱԺ-ում, ուրա՞խ է»:

Թերթի տարածած տեղեկությանն անդրադառնալով՝ նա նշեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. «Շատ վատ երևույթներ են սկսվել, թավշյա հեղափոխություն արեցինք, որ ազգը միանա, լավ լինի ամեն ինչ, բայց տեսնում ենք՝ բոլորը բամբասում են, ինչքան ճանաչված մարդ կա, պտի պախարակեն, չգիտես ինչ ուժեր են, ովքեր են, շատ վատ երևույթ է:

Հասել են ազգի գեներալներին, արվեստագետներին. մենք ազգ ե՞նք, թե՞ չէ, ի՞նչ է մեր ուզածը, ո՞ւր ենք գնում էսպես:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը դարձել էր վարչապետ, ասեցի՝ համբերեք, կսկսեք Նիկոլին քլնգել. Տեսա՞ք՝ ճիշտ էի. Ինչի՞ չենք կարողանում իրար սիրել:

Առանց իմանալու, առանց հարցնելու, սուտ տարածում է՝ գեներալ Սեյրանին…

Չի՛ եղել նման բան. ես կարո՞ղ եմ քայլել, մի հատ էլ փախչեմ, կարող են, չէ՞, զանգել ոստիկանություն:  Ժողովո՛ւրդ ջան, սա օջախ է, թոռներս, մերս են ապրում. Որտե՞ղ եք լսել՝ տան մեջ ռազբորկա լինի:

Մեր դարպասներից մի հատ ոստիկան չի մտել»:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր. «Օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:

Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով:

Էջմիածինցիները ողջունում են ոստիկանության գործողությունները, քանի որ տասնամյակներ շարունակ Սարոյանը հայտնի է եղել՝ որպես քրեական ճանապարհով փողեր ստացող»:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Մանվել Գրիգորյանը պախարակված գեներալների մեջ  է, նա պատասխանեց. «Դատարանը կորոշի.  էն ժամանակ, երբ նամակները տեսանք, բոլորիս մոտ շոկ էր,  հիմա բոլորս տեսնում ենք՝ ինչ է»:

«Շոկից դո՞ւրս եք եկել»՝ լրագրողի դիտարկմանն արձագանքեց՝ այո. «Փաստեր կան՝ որտեղից էր դա էդտեղ: Կճշտվի՝ ոնց հայտնվեց էդ ամենն էդտեղ»:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հետ Մանվել Գրիգորյանի մասին զրույցին, նա նշեց, որ այն տեղի է ունեցել աշնանը. «Որպեսզի այդ մարդը չմեռնի բերդերում՝ աշխարհում լինենք խայտառակ: Ասենք՝ Մանվելը գնաց իրենց տուն, էդ բերդում չմնաց, ո՞ւր պիտի փախնի»:

Ս. Սարոյանը ներկայացրեց նաև վարչապետի արձագանքը. «Ասեց՝ գեներալ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն, եթե տեսնենք, որ իրոք վատ է, կփորձենք այդ հարցին ուրիշ լուծում տալ»:

Փախուստի մասին լրագրողների դիտարկման մասին, թե տղան՝ Արմանը, հետախուզման մեջ է, նա նշեց, որ ինքն ու իր տղան տարբեր բաներ են:

Իսկ Միհրան Պողոսյանի և Միքայել Հարությունյանի հեռացումը չորակեց փախուստ.  «Գնացել ու չեն եկել»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս