Ուկրաինան և Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել ազատ առևտրի գոտին

Ուկրաինան եւ Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը եւ բարձրտեխնոլոգիական զարգացման կենտրոններ բացել: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ օգոստոսի 19-ին ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո անցկացված ճեպազրույցում:

«Մենք ընդունեցինք երկու որոշում՝ անհապաղ սկսել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ընդլայնումը, որը կհամալրվի ծառայությունների ոլորտով»,- ասել է Իսրայելի վարչապետը, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում:

Նաթանյահուն նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են բարձրտեխնոլոգիական զարգացման կենտրոններ բացել իրենց մայրաքաղաքներում: «Այսինքն՝ մենք ընդլայնում ենք ազատ առեւտրի գոտին եւ ինովացիոն կենտրոններ բացում երկու մայրաքաղաքներում: Այս կերպ մենք համատեղ ներդրումներ կանենք այստեղ՝ Ուկրաինայում»,- հավելել է վարչապետը:

Ուկրաինան եւ Իսրայելը ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ստորագրել են 2019 թվականի սկզբին: Գերագույն ռադան փաստաթուղթը վավերացրել է հուլիսի 11-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս