Լիբանանում ևս վիճակը սրվել է. շիաներն ընդդեմ սիրիացի ընդդիմադիրների

Լիբանանի խոշորագույն քաղաքներում՝ Բեյրութում և Տրիպոլիում, տեղակայված զինվորական ստորաբաժանումներում տագնապ է հայտարարված սիրիացի ընդդիմադիրների հասցեին շիաների սպառնալիքներից հետո: Շիական Ալ-Մեկդադ կլանի առաջնորդը, որի որդուն (ըստ որոշ տեղեկությունների՝ «Հեզբոլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալին) առևանգել են Դամասկոսում, Սիրիայի ազատ բանակի զինյալներին 48 ժամ է տրվել նրան ազատ արձակելու համար, հայտնում է vesti.ru-ն, հակառակ դեպքում նա խոստացել է պատանդ վերցնել Լիբանանի տարածքում գտնվող բոլոր սիրիացի ընդդիմադիրներին:

Վերջին տվյալներով` Ալ-Մեկդադի ձեռքում Սիրիայի ազատ բանակի 26 զինյալ կա:

Բեյրութի մի շարք թաղամասերում երեքշաբթի օրը երեկոյան Ասադի հակառակորդների «որս» էր սկսվել, լսվել էին կրակոցներ: Գիշերը փողոցներում զինվորական պարեկային խմբեր էին հայտնվել:

Տրիպոլիում, որը շարունակում է միջդավանաբանական պառակտության օջախ մնալ, սուննի և ալավիական թաղամասերի շփման գծում զինյալներ են նկատվել: Սիրիայի սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Տրիպոլի զինուժ և ռազմական տեխնիկա է փոխադրվում:

Սիրիական ընդդիմությունը «Հեզբոլահ» լիբանանյան շիական խմբավորմանը՝ Իրանի հետ մեկտեղ, մեղադրում է Ասադի ռեժիմին սատարելու համար:

Չորեքշաբթի օրը Կատարը և Միացյալ Արաբական Էմիրությունները իրենց քաղաքացիներից պահանջել են լքել Լիբանանի տարածքը: Նման պահանջ է հայտնել նաև ԱՄՆ-ի դեսպանատունը: Սակայն արտասահմանցիները Բեյրութից հեռանալ չեն կարողանում, քանի որ գիշերը շիաները փակել են միջազգային օդանավակայան տանող մայրուղին:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է անմիջապես դադարեցնել հասարակական անվտանգության նորմերի խախտումը Բեյրութում և չվտանգել Լիբանանի ու այլ երկրների քաղաքացիների կյանքը: Նա հանձնարարել է նաև ուժեղացնել անվտանգությունը երկրի բոլոր օտարերկրյա ներկայացուցչություններում:

Տեսանյութեր

Լրահոս