Հուլիսին վրացական գինու արտահանումը Ռուսաստան կրճատվել է 27 տոկոսով
Այս տարվա հուլիսին Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 3,5 մլն շիշ գինի, ինչը 27 տոկոսով պակաս է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս մասին ասված է Վրաստանի գինու ազգային գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Մայիս ամսին Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 4,5 մլն շիշ գինի, հունիսին՝ ավելի քան՝ 4,2 միլիոն, իսկ հուլիսին գինու արտահանումը կրճատվել է մինչեւ ավելի քան 3,5 մլն շիշ, ինչը 27 տոկոսով պակաս է անցյալ տարվա հուլիսի արտահանման ցուցանիշի համեմատությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության ղեկավար Լեւան Մեխուզլան օգոստոսի 15-ին հայտարարել է, որ այս տարի գինու արտադրությամբ զբաղվող վրացական ընկերությունները կարող են նվազեցնել խաղողի գնումների ծավալը՝ զգուշանալով այն բանից, որ Ռուսաստանը հունիսի 20-21-ին Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքների պատճառով կարող է պատժամիջոցներ սահմանել ալկոհոլային արտադրանքի այս տեսակի արտահանման վրա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: