«Եթե լիբանանյան ընկերություն է, իմ հայրն էլ Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է, ուրեմն ի՞նչ, կապ կա՞». Վարագ Սիսեռյան. «Փաստինֆո»
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը հերքում է լուրերը, թե Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունն որևէ կապ ունի իր հոր հետ, որը Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է։
«Ինձ մի քանի ամիս առաջ բավական տարօրինակ մարդիկ զգուշացրել են, որ այսպիսի նյութ է շրջանառվում իմ և իմ հոր անվան հետ կապված։ Ես դա փոխանցել եմ անձամբ Տիգրան Ավինյանին, որ նման թեմա կա։ Նաև փոխանցվել է համապատասխան մարմիններին, որ նման նյութ կա։ Նաև պատրաստվում էի այն ժամանակ խոսել, ես պահելու բան չունեմ»,- ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սիսեռյանը։
Նա պատմեց, որ իր հայրը տարիներ շարունակ Լիբանանի վարչապետի խորհրդականն է եղել, բայց այդ ընկերության հետ կապն իր խոսքով անպատկերացնելի է։
«Եթե լիբանանյան ընկերություն է, իմ հայրն էլ Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է, ուրեմն ի՞նչ, կապ կա՞»,- ասաց փոխվարչապետի օգնականը: