Բաժիններ՝

Օրվա քնի տևողությունը չպետք է լինի պակաս, քան 8 ժամը` գլխով դեպի հյուսիս պառկած ու լռության մեջ. Սիրտն ամենօրյա հոգատարություն է պահանջում

Վերջին ժամանակներս աշխարհում նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների զգալի աճ: Եվ որքան զարգացած է երկիրը, այնքան ավելի շատ է մարդկանց սպառնում այս չարիքը: Օրինակ, ԱՄՆ-ի նման հարուստ երկրում նման հիվանդություններով տառապում է շուրջ 22 մլն մարդ, որից առնվազն 1մլն-ը տարեկան մահանում է: Սրտաբանները գտնում են, որ այս հիվանդությունների պատճառը ոչ ճիշտ, հետեւաբար՝ ոչ առողջ ապրելակերպն է: Սիրտը առողջ կարող է լինել միայն չխցանված անոթների դեպքում, որտեղ էլ արյունը կկարողանա նորմալ շրջանառություն կատարել:

Դրա համար անհրաժեշտ է բնական ծագում ունեցող մթերքներ ուտել` չափավոր կալորիաներով, ֆիզիկական ակտիվություն, մաքուր օդ, արեւ ու մաքուր ջուր, ինչն այնքան էլ հեշտ չէ ձեռք բերել, այն էլ` զարգացած երկրներում:

Սրտի առաջին թշնամին արյան բաղադրության մաս կազմող` խոլեստերինի չափազանց մեծ քանակությունն է: Բավական շատ խոլեստերին են պարունակում մսային ուտելիքները, կաթն ու կաթնամթերքը, տարբեր կոնսերվանտները, ձուն եւ այլն: Նման սնունդը, կարելի է ասել, քայքայում է օրգանիզմը, իսկ դրան նպաստում է նաեւ ալկոհոլի, թեյի, սուրճի եւ այլ խթանիչների օգտագործումը: Սիրտը շարքից դուրս է գալիս ավել քաշի, ծխելու ու չափից դուրս աղտոտված օդի պատճառով եւս: Դրա համար սննդակարգում անհրաժեշտ է կատարել որոշ փոփոխություններ: Օրինակ, կարելի է միսը փոխարինել ձկնեղենով:

Թռչնամսից կարելի է ուտել հավի միս, որովհետեւ մյուս թռչունների միսն ավելի շատ յուղ է պարունակում: Սննդակարգի 50-60 տոկոսը պետք է կազմեն բանջարեղենը, միրգն ու հատապտուղը եւ այն էլ՝ հում վիճակում: Ռաֆինացված մթերքները պետք է փոխարինել չռաֆինացվածով: Ռաֆինացված շաքարը պետք է փոխարինել մեղրով, սպիտակ հացը` սեւով: Ցանկալի է 20 տարեկանից հետո հրաժարվել կաթից ու կաթնամթերքից: Կարելի է քիչ օգտագործել գոլորշու վրա հալեցված կարագ: Այն բացարձակ անվնաս է օրգանիզմի համար:

Կարդացեք նաև

Մեղրը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի վրա, նպաստում է սրտի անոթների լայնացմանը եւ արյան շրջանառության նորմալացմանը: Այնպես որ, 2-3 օրը մեկ անգամ կարելի է օգտագործել 1 ճաշի գդալ մեղր` ջրի կամ մրգերի հետ:

Կիտրոնի հյութը եւ սխտորը մեղրի հետ` ստենոկարդիայի համար. 1 լիտր մեղրի համար վերցնել 10 հատ կիտրոն եւ 5 գլուխ սխտոր: Կիտրոնից քամել հյութը, սխտորը մաքրել եւ անցկացնել մսաղացով: Այս ամենը խառնել մեղրին ու ապակե տարայի մեջ դնել սառը տեղում: Մեկ շաբաթ հետո այս խառնուրդը կարելի է ընդունել օրը 1 անգամ 4 թեյի գդալով: Եվ ամեն գդալից հետո տալ 1-2 րոպե դադար: Սա ընդունել ուտելուց 20-30 րոպե առաջ:

Իշառվույտի (դոննիկ) թուրմը եւ սրտի իշեմիկ հիվանդությունը. Պատրաստել իշառվույտի թուրմ 1:10 հարաբերությամբ եւ ընդունել օրվա մեջ 2-3 անգամ 1/3 բաժակ՝ ստենոկարդիայի եւ սիրտը մնուցող անոթների խցանման դեպքում: Այս թուրմը կանխում է անոթներում խցանումների գոյացումը:

Եվ կան շատ բույսեր, որոնց հենց միայն ներկայությունը դրական է անդրադառնում սրտային հիվանդների վրա` սենյակային կիտրոնը, բարդին, եղրեւանին, էվկալիպտը, հատկապես ծաղկելու շրջանում:

Հիմնականում շատ հվանդությունների պատճառ է նյութափոխանակության խանգարումը: Իսկ այն շատ հաճախ կարելի է կարգավորել մորիով (մալինա), այլ հատապտուղներով ու թթով: Այս մրգերից պատրաստված ըմպելիքները հանգիստ կարող են փոխարինել թեյին, սուրճին ու կակաոյին:

Նստակյաց կյանքով ապրող մարդիկ, 1 ժամվա մեջ գոնե մեկ անգամ, բազմաթիվ վարժությունների միջոցով պետք է փորձեն աշխատեցնել մարմնի մկանները: Այս դեպքերում շատ լավ օգնում է մամուխի թերթիկներից պատրաստված թեյը: Այն կարելի է պատրաստել ըստ ճաշակի: Պետք է պահել մարմնի նորմալ քաշը: Իհարկե, ամենաճիշտ վարժությունն այս դեպքում արագ քայլքն է:

Օրվա քնի տեւողությունը չպետք է լինի պակաս, քան 8 ժամը` գլխով դեպի հյուսիս պառկած ու լռության մեջ:

Շաբաթվա մեջ ցանկալի է գոնե 1 օր` 24 ժամ քաղցած լինել` միայն ջուր օգտագործելով: Այստեղ տեղին է հիշել պահքերի մասին: Իսկ քաղցից հետո երկրորդ օրը պետք է անցնել բանջարեղենային սննդակարգի եւ նաեւ խմել բազուկի, գազարի ու մաղադանոսի թուրմ: Ամեն օր մեկ բաժակ ջրում կարելի լուծել 2 ճաշի գդալ սոյայի ալյուր եւ խմել:

Սոյան իր մեջ պարունակում է լեցիտին, որը կարգավորում է արյան մեջ ճարպերի քանակը: Հիվանդ սրտի համար ամենալավ բուսական միջոցը թթենու պտուղներն են, կատվախոտը (վալերիանա) ու ալոճենու պտուղները: Թութ պետք է հնարավորինս շատ ուտել: Կատվախոտն ավելի ճիշտ կլինի ոչ թե խմել, այլ չոր արմատները փաթաթել թանզիֆի մեջ ու կախել տան տարբեր անկյուններում` սենյակներում, խոհանոցում կամ լոգարանում: Ալոճենու պտուղները շատ լավ միջոց են ցանկացած սրտային հիվանդության համար: Այն պակասեցնում է խոլեստերինի քանակն անոթներում, կարգավորում է արյան ճնշումը, ամրացնում է սրտամկանը, կարգավորում է սրտի աշխատանքը եւ հանգստացնում է նյարդային համակարգը:

Բուժման համար կարելի է օգտագործել ալոճենու եւ՛ պտուղները, եւ՛ ծաղիկները, եւ՛ տերեւները: Մեկ ճաշի գդալ ալոճենու մանրացրած պտուղները լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ ու ծածկած վիճակում պահել մեկ ժամ: Հետո խմել բաժակի 1/3-ը` օրը 3 անգամ: Հնգօրյա ընդմիջումից հետո կարելի է կրկնել նույնը` այս թուրմին ավելացնելով մասուր:

Տիբեթյան ժողովուրդների մոտ հետաքրքիր սովորույթներ կան: Օրինակ, այն, որ նրանց բոլոր տաճարներում ալոճի թուրմով անոթ է դրված, որից անպայման պետք է խմի տաճար մտնող ցանկացած մարդ: Իսկ դարերից եկած այս սովորության արդյունքն էլ տիբեթյան ժողովրդի մոտ սրտի եւ ուղեղի կաթվածների իսպառ բացակայությունն է: Բացի վերը նշված մթերքներից ու խոտաբույսերից, սրտին շատ օգտակար են ադոնիսը, կատվալեզուն, հապալասենին, հովտաշուշանը, չինական կիտրոնը, երիցուկը, նարդոսը:

Սրտի առիթմիա ունեցողներին անհրաժեշտ է օգտագործել ալոճ, դեղձ, սեւ հաղարջ, բողկ, շաղգամ, գազար, բազուկ, ընկույզ, նարինջ, խնձոր, մեղր, կեռաս, բալ, ինչպես նաեւ՝ ծովային մթերքներ: Սրտի համար կարեւոր են այն մթերքներն ու դեղաբույսերը, որոնք մեծ քանակությամբ մագնեզիում եւ կալիում են պարունակում: Այդպիսի մթերքներ են լոլիկը, նեխուրը, ընկույզը, ծիրանը, խաղողը, նուշը, կաղամբը, բազուկը, անանասը, հոնը, բանանը, սեւ սալորը, մաղադանոսը:

Ամփոփելով վերը նշվածի արդյունքները, պրոֆիլակտիկայի, նաեւ բուժման համար առաջարկում ենք ձեզ մի քանի բաղադրատոմս:

1. Մեկ կգ կիտրոնը եւ մեկ կգ նարինջը կեղեւով, բայց կորիզներից մաքրած անցկացնել մսաղացով, ավելացնել 6-8 ճաշի գդալ մեղր եւ լավ խառնել: Ստացված զանգվածը 1 օր պահել ապակե տարայում, որպեսզի լինի սենյակային ջերմաստիճանի: Այնուհետեւ այն պահել սառնարանում եւ ընդունել օրը 3 անգամ թեյի գդալով` ուտելուց առաջ կամ թեյ խմելու ընթացքում:

2. Աթերոսկլերոզից խուսափելու համար կարելի է ամեն օր 1-2 ճաշի գդալ չռաֆինացված արեւածաղկի ձեթ ընդունել:

3. Այն մարդկանց, ովքեր նույնիսկ փոքր խնդիր ունեն սրտի հետ կապված, բժշկությունն առաջարկում է խուսափել մորի օգտագործելուց: Այն կարծես աղ լինի բաց վերքի վրա: Հարկավոր է մոռանալ այնպիսի ըմպելիքները, ինչպիսիք են` գարեջուրը, գինին, լիկյորը, շամպայնը եւ տան պայմաններում պատրաստած խմիչքները: Ծայրահեղ դեպքում՝ կարելի է օգտագործել մեկ բաժակ օղի: Ալկոհոլ օգտագործող սրտային հիվանդները երկար չեն ապրում: Գրեթե ամբողջությամբ պետք է հրաժարվել երշիկեղենից, քանի որ դրանք մսի գույնը երկարաժամկետ պահպանելու համար իրենց մեջ արհեստական ներկեր են պարունակում: Իսկ դա սրտի թիվ մեկ թշնամին է: Այնպեսոր, յուրաքանչյուրիս առողջությունը նաեւ մեր ձեռքերում է: Հենց այսօրվանից պետք է պայքարել առողջության համար:

Բանջարեղենով կոտլետի բաղադրատոմս

Վերցնել 3 հատ միջին չափի գազար, 3-4 ճյուղ մաղադանոս, 2-3 ճյուղ քյարավուզ, 4-5 կարտոֆիլ: Այս բոլորը խաշել, ջրքամել եւ աղալ մսաղացով: 2 կերակրի գդալ ալյուրը հարել 2 ձվի հետ, ավելացնել մի քիչ պանրի տաշուկ եւ խառնել բանջարեղենի զանգվածին, համեմելով աղով եւ պղպեղով: Այնուհետեւ պատրաստել փոքր կոտլետներ ու տապակել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս