Վերսկսվել է Արգենտինայի նախկին նախագահի դատավարությունը

Արգենտինայում սկսվել է նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի նկատմամբ դատավարությունը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով La Nacion-ին: Նախկին նախագահը մեղադրվում է 2000թ.-ին սենատորներին կաշառելու մեջ` աշխատանքային բարեփոխումների մասին օրինագիծն ընդունելու համար: Noticias Argentinas-ի տվյալներով` նա սենատորներին է տվել 5.000 դոլար:

Նոր օրենսդրությունն աշխատավորներին զրկում էր բազմաթիվ իրավունքներից, հայտնում է BBC News-ը: Իսկ նման բարեփոխումը պարտադիր էր` Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) վարկ ստանալու համար:

Դե լա Ռուայից բացի, մեղադրյալների աթոռին է հայտնվել 7 նախկին պաշտոնյա` SIDE արգենտինական հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ֆերնանդո դե Սանտիբանեսը, Աշխատանքի նախկին նախարար Ալբերտո Ֆլամարիքեն, խորհրդարանի քարտուղար Մարիո Պոնտաքարտոն , ևս 4 սենատորներ:

Նախկին նախագահը, սակայն, իր մեղքը չի ընդունում`  մեղադրանքներն անվանելով անհիմն:

BBC News-ի համաձայն` դատական գործընթացին ներգրավված է ավելի քան 300 վկա: Նրանց թվում է նաև ներկայիս նախագահ Քրիստինա Քիրշները, ով 2000թ.-ին Սենատի անդամ էր: Հաղորդվում է, որ նա սենատոր եղած ժամանակ դեմ է քվեարկել բարեփոխումներին:

Դե լա Ռուան պաշտոնավարել է 1999-2001թթ.-ին: Նա պաշտոնը լքել է բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում:

Տեսանյութեր

Լրահոս