Բաժիններ՝

«Բա որ մյուս տարի ընդհանրապես մեքենա չներմուծվի, բյուջեն քանի՞ տոկոսով կնվազի». Ավտոներկրողները՝ առաջիկայում սպասվող խնդիրների մասին

Ղազախստանում որոշել են օրինականացնել ղազախների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումը:

Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովի խոսքով՝ ղազախստանցիներն այժմ գալիս են Հայաստան, ժամանակավոր կացության իրավունք են ձեռք բերում և ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաները գնում Հայաստանի քաղաքացուն հավասար իրավունքով՝ չվճարելով լրացուցիչ մաքսատուրքեր:

«Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, մենք չպետք է պայքարենք դրա դեմ: Ընդհակառակը, դա պետք է օրինականացնել, որպեսզի վաղը մեր քաղաքացիներն օրենքի առաջ խնդիրներ չունենան: Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում ժամանակավոր հաշվառման կանգնելով, ապա դրանք բերել տարանցիկ համարներով, ավելի լավ է մեքենան բերել, գրանցել ու օրինական ճանապարհով վարել այն։ Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ոչ այստեղ են հարկեր վճարում, ոչ այնտեղ»,- հայտնել է փոխնախարարը:

168.amի հետ զրույցում հայ ավտոներկրողներն այս որոշումը դրական գնահատեցին՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ այն կարճ է տևելու:

«Մինչ իրենց գրանցելու մասին որոշում կընդունեն, մենք մեքենա չենք բերի: 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսա­տուրքի նախատեսվող թանկացման հետևանքով մեքենաների գներն են բարձրանալու, ու գնորդ չի լինելու: Օգտագործված մեքենան նորի գնի կհասնի, ղազախները, ռուսներն  ու մյուսները չեն գա ու չեն գնի: Վարչապետն ասում է՝ բյուջեն 25% ավելի է նախորդ տարվա համեմատ, ՊԵԿ-ն էլ ասում է՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում մի ամբողջ նախորդ տարվա չափ մեքենա է ներմուծվել: Մենք, ի՛նչ է, իրո՞ք չենք հասկանում՝ որտեղից այդ 25%-ը: Բա որ մյուս տարի ընդհանրապես մեքենա չներմուծվի, բյուջեն քանի՞ տոկոսով կնվազի: Որ Ղազախստանից ու Ռուսաստանից մեքենա գնողները չգան Հայաստան, այստեղ չօգտվեն հյուրանոցներից, ռեստորաններից մուտք ու ելք չանեն մեր պետություն, քանի՞ տոկոսով կնվազի տուրիզմը, ռեստորաններն ու հյուրանոցներն ինչքանո՞վ պակաս կվճարեն հարկերը, քանի՞սը կփակվեն, քանի՞ արհեստավոր կարտագաղթի»,- նշեցին նրանք:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասել էր. «Ղազախները գալիս են այստեղ, 10 օրով մեքենան գրանցում են, ասենք, Պողոսի տան վրա, ու թողնում-գնում են Ղազախստան, և գույքահարկը մնում է Պողոսի վրա: Մենք՝ ավտոներկրողներս, մեր տների վրա չենք գրանցում, վախենում ենք, որ մեզ վրա 10-յակ մեքենաների գույքահարկ կուտակվի, իսկ քաղաքացիները տեղյակ էլ չեն, որ նման բան կա: Վերցնում են մի 15.000 դրամ, գնում են մի քիչ առևտուր են անում՝ առանց իմանալու, որ տարեվերջին 50.000 դրամի գույքահարկ են վճարելու: Հետո էլ գնալու են՝ ազգով ցույց անեն: 10.000 դրամի գերի են: Միայն այդ պահի մասին են մտածում: Խոսքը Լոռու մարզի մասին է:

Այնտեղ մաքսատուն կա, ղազախները գրանցում են մեքենան, մաքսազերծում ու հետ վերադառնում: Բնակիչները փողը վերցնում՝ գրանցում են: Անգամ այդ գրանցումները տանում, Վրաստանի ավտոշուկայում են վաճառում կամ սահմանին: Համատիրությունները, գյուղապետարանները պետք է խիստ լինեն, գոնե ճշտեն՝ տեսնեն՝ մեքենան ո՞ր հասցեում  են գրանցում, որ, օրինակ՝ Վարդուշ տոտային ասեն՝ գիտե՞ս, որ քո տան  հասցեում  ղազախ է գրանցվում, ու կարող է գույքահարկ գա: Դրանից հետո կտեսնենք՝ Վարդուշ տոտան համաձայն կլինի՞ գրանցել, կամ ընդհանրապես, նա տեղյա՞կ է այդ գույքահարկից: Ղազախները տեղի բնակիչներին 20-50 դոլար են վճարում, չնայած առաջ 100 դոլար էր: Հիմա էժանացել է, քանի որ մրցակցություն կա, կռիվ է»,- մանրամասնել էր Տիգրան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ Հայաստանի ունեցած արտոնության երկարաձգման հարցը: Արտոնության երկարաձգմանը, սակայն, դեմ են եղել՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Ղազախստանը, որտեղ օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտոնության երկարաձգման մասին ընդհանրապես լսել չեն ուզում:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընդհանրապես չեն արձագանքել, պարզապես ի գիտություն են ընդունել:

«Մենք բարձրաձայնեցինք, որ կա այդ խնդիրը, որին պետք է լուծում տալ, բայց թե՛ ռուսական, թե՛ ղազախական կողմերն իրենց փաստարկներն ունեն: Նրանք բերում են այն փաստարկը, որ չեն կարող օգնել, քանի որ արդեն 5 տարով ընդառաջել էին: Կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներքին կարգավորումներ անենք, օրինակ՝ հրաժարվենք ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), եթե այլ ռիսկեր չլինեն»,- նշել էր Փամբուխչյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս