«Մեր արտաքին քաղաքականությունում գործող բոլոր անձինք պետք է ներգրավվածություն ունենան». Միջազգայնագետը՝ ամերիկյան ծրագրի ֆինանսավորման կրճատման փորձերի մասին

ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ արշավին:

Ի՞նչ կտա կոնգրեսականների պայքարը: Այս հարցի վերաբերյալ 168.am-ը զրուցեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

Մեզ հետ զրույցում միջազգայնագետն ընդգծեց կոնգրեսականների նախաձեռնության կարևորությունը.

«Հաշվի առնենք, որ բավականին կարևոր մի դեպքի հետ գործ ունենք՝ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան նախատեսում է Արցախի համար տրամադրվող ֆինանսական միջոցները կրճատել: Դրա մասին բարձաձայնեց Վաշինգտոնում գործող մեր լոբբիստական կառույցներից մեկը՝ Հայ Դատի գրասենյակը, և բավականին ակտիվ աշխատանքներ տարավ նաև օրենսդիրների, հետ, որպեսզի հասնեն նրան, որ այդ աջակցությունը չկրճատվի»:

Նա հույս հայտնեց, որ կոնգրեսականների շնորհիվ ադմինիստրացիան կվերանայի իր մոտեցումը և համապատասխան վերաբաշխում կկատարի հաջորդ տարվա բյուջետային հատկացումներում, և Արցախի համար նախատեսված ֆինանսական միջոցները, այդուհանդերձ, կհասնեն Արցախ:

Մեր հարցին, թե որո՞նք պիտի լինեն այս իրավիճակում պետության անելիքները, Ս. Սարգսյանը պատասխանեց.

«Մեր արտաքին քաղաքականությունում գործող բոլոր անձինք պետք է ակտիվ ներգրավվածություն ունենան. օգտագործվի թե՛ պառլամենտական դիվանագիտությունը, թե՛ Արտաքին գործերի նախարարությունը, թե՛ արտաքին քաղաքական գործիքակազմ ունեցող ցանկացած մարմին՝ պետական, ոչ պետական,  որովհետև սա միասնական աշխատանք է պահանջում, որպեսզի Արցախը ոչ միայն այս տարի, այլև յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ից ուղիղ ֆինանսական օգնություն ստանա, և այդ օգնության ծավալը մեծ լինի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տրվելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ճնշմանը՝ թիրախավորել է Արցախում հումանիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որն ամբողջ հանրապետությունով անթիվ կյանքեր է փրկել:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս