«Շատ լուրջ, մանրակրկիտ ուսումնասիրություն պետք է ունենանք, տեսնենք, արդյոք մեզ պե՞տք է 15 միլիոն զբոսաշրջիկ». Մեխակ Ապրեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին և հանդես եկել ելույթով։
Նա նշել է, որ համազգային քննարկման է ներկայացնում ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը՝ խնդիրներ, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը. օրինակ՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է հասցնել 15 միլիոնի։
«Իհարկե, հնարավոր համարում եմ, բայց արդյոք նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ, դա ուրիշ հարց է: Շատ լուրջ, մանրակրկիտ ուսումնասիրություն, հաշվարկ պետք է ունենանք, տեսնենք, արդյոք մեզ պե՞տք է 15 միլիոն զբոսաշրջիկ: Իմ կարծիքով՝ Հայաստանը մասսայական տուրիզմի երկիր չպետք է լինի: Մասսայական տուրիզմը կայուն տուրիզմ չէ, և այն փոխանակ երկրին նպաստ բերի՝ կարող է վնասել: Այսինքն, այն հարցը չպետք է դնենք՝ ինչքան շատ, այնքան լավ, այլ այն, թե որքա՞ն է մեզ պետք՝ լավ լինելու համար: Մենք պետք է նշաձող ունենանք համաշխարհային շուկայում և լավ դիրքավորված, բարձրարժեք ծառայություններով զբոսաշրջություն:
Բարձրաժեք ասելով՝ նկատի չունեմ թանկ գները: Մրցունակ գներով և կայուն տուրիզմ է մեզ պետք: Այո՛, մինչև 2050 թվականը 15 միլիոնի հասնել հնարավոր է, բայց պետք է լուրջ հաշվենք, տեսնենք՝ որն է այն օպտիմալ թիվը, որը մեզ պետք է, ունենանք գին-որակ հարաբերակցությունը, որն ապահովելու է կայուն զբոսաշրջություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանից զբոսաշրջիկների 95 տոկոսից ավելին հիմնականում գոհ է եղել, միշտ խորհուրդ են տվել իրենց ընկերներին, բարեկամներին այցելել մեր երկիր:
«Դժգոհողներ քիչ կլինեն, որովհետև հայ ազգն օժտված է լեգենդար հյուրասիրությամբ, կա շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն, հրաշալի ժողովուրդ, լավ ծառայություններ:
Իսկ շուկան, քանի որ արդեն զարգացել է, կարգավորման կարիք ունի, այլապես կարող ենք կորցնել որակը, փչացնել մրցակցային միջավայրը, ու եթե սա չկարգավորվի՝ բացասական ազդեցություն կարող է ունենալ մեր իմիջի վրա»,- հավելեց նա:
Անի Կարապետյան