«Հայփոստի» աշխատակիցների կողմից առևտրային կաշառք ստանալու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի` թվով 3 աշխատակիցների կողմից առևտրային կաշառք ստանալուն և լիազորությունները չարաշահելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը և Ա. Իսրայելյանը 2010թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում օժանդակել են նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առեւտրային կազմակերպության ծառայող Ս. Գրիգորյանին` լիազորությունները չարաշահելուն և առևտրային կաշառք ստանալուն:

Մասնավորապես` Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և Ս. Գրիգորյանը, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձանցից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու և դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, հիշյալ բաժանմունքի պետի գիտությամբ և հանձնարարությամբ ընդունել են քաղաքացի Ի. Գեւորգյանի կողմից հանձնված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներ:

Հիշյալ աշխատակիցները նշված խմբաքանակներն ընդունել են տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեներով, դրանք ձեւակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության և վճարել բոնուսային գումարներ` այդկերպ օժանդակելով բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանին` չարաշահելու իր լիազորությունները և դրանք օգտագործելու Ի. Գեւորգյանի օգտին:

Արդյունքում` Ա. Մկրտչյանի կողմից ելքագրվել է 8 203 600 դրամի, Կ. Միրիջանյանի կողմից` 9 306 200 դրամի, իսկ Ա. Իսրայելյանի կողմից` 8 572 900 դրամի բոնուսային գումար, որի հետեւանքով պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս:

Ի. Գեւորգյանին այդկերպ օժանադակելու դիմաց վերոհիշյալ փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանը Ի. Գեւորգյանից ստացել են ընդհանուր 1 000 000 դրամ առեւտրային կաշառք, որը հավասարապես բաժանել են:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մկրտչյանին, Կ. Միրիջանյանին եւ Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց մասով դրվագն առանձնացվել է առանձին վարույթ եւ ուղարկվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Փոստային բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանի մասով քրեական գործը կարճվել է` վերջինիս մահվան հիմքով:
Իսկ Ի. Գևորգյանի վերաբերյալ դրվագը դատարան էր ուղարկվել ավելի վաղ և գտնվում է դատաքննության փուլում:

Տեսանյութեր

Լրահոս