Բաժիններ՝

Խաղողի մեծածախ վաճառքը սկսված է

Խաղողի մեծածախ վաճառքն արդեն սկսվել է: Այսօր շուկայում խաղողի մեծածախ գինը 200-250 դրամ էր:

Խաղողօրհնեքից հետո շուկայում խաղողի պահանջարկն աճում է: Քրիստոնյա ժողովուրդը խաղող չի ուտում՝ մինչև Աստծո օրհնանքը չլինի մրգի վրա: Դրանով են գյուղացիները բացատրում, թե ինչու են 15 օր առաջ հասած խաղողն այժմ շուկաներ տանում:

Նշենք նաև, որ, այսպես կոչված՝ սեղանի խաղողը՝ քիշմիշ վարդագույն երանգի խաղողն, արդեն արտահանվում է: Միրգն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Մեր տեղեկություններով, Հայաստանից խաղող արտահանում են ՌԴ-ի  իրացնողների հետ պայմանագիր ունեցող անհատ ձեռներեցները:

Այսօր գյուղացին 1կգ քիշմիշ տեսակի խաղողն արտահանողին վաճառում է 500-800 դրամով: Ի դեպ, արտահանման ենթակա խաղողը արկղերում դասավորելուց առաջ մանրազնին մշակվում է: Բացի այդ, այն պետք է լինի նույն երանգի, նույն չափի և, որ ամենակարևորն է, բացարձակապես առողջ: Պահանջվող չափանիշները վկայում են, որ գյուղացին չի կարողանա իրացնողին մեծ քանակությամբ խաղող հանձնել: Թեև գինը բարձր է, սակայն բարձր են նաև ընդունման չափանիշները, որոնք շատ դեպքերում չեն համապատասխանում գյուղացու բերքի որակին:

Դա, ըստ գյուղացիների, ոչ թե իրենց մեղավորությունն է, այլ եղանակի: «Խաղողը համատարած չի հասնում, ուստի քիչ-քիչ ենք տալիս արտահանողներին»,- ասում են գյուղացիները, և դրանով պայմանավորում բերքի բարձր գինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս