«Մենք քեզ ռեկտոր չենք նշանակել, որ դու մեր լավագույն ուսանողներից մեկին տանես վճարովի համակարգ ու արգելես մասնակցել քննություններին»

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…

1998 թ. հունիսն էր: Հերթական քննաշրջանի 3-րդ քննությունը պիտի հանձնեինք` «Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն»: Դասախոսը` պատմության ֆակուլտետի և այդ տարիների համալսարանական գերհեղինակություններից մեկն էր` հայոց պատմության ամբիոնի վարիչ, արցախյան շարժման ինտելեկտուալ առաջնորդներից մեկը, ակադեմիկոս Լենդրուշ Խորշուդյանը:

Ուսման կիսամյակային վարձը վճարել չէի կարողացել: Կիսամյակային 75 000 դրամ կամ $150 վճարը այդ տարիներին իսկապես էլ շատերի համար անլուծելի խնդիր էր, առավել ևս, երբ դրան գումարվում էր մայրաքաղաքում վարձով ապրելու ողջ պերճանքը: Բուհական կարգն էսպիսին էր` ֆակուլտետի դեկանատը, երբեմն, աչք էր փակում էն հանգամանքի վրա, որ ուսանողը չի վճարել ուսման վարձը և թույլատրում էր հանձնել երկու քննություն` պայմանով, որ մինչև 3-րդ քննությունը վարձը պիտի ամբողջությամբ վճարված լիներ, մանավանդ, երբ ուսանողը սովորում էր բարձր առաջադիմությամբ: Այդպես էր եղել և իմ դեպքում` ֆակուլտետի լուսահոգի դեկան, պատմական աշխարհագրության, քարտեզագրության և միջին դարերի պատմության մեր վերջին մոհիկան Բաբկեն Հարությունյանի որոշմամբ:

Թեև էս կարգին տեղյակ էի, այնուամենայնիվ, գնացել էի համալսարան. մարդ ես, մեկ էլ տեսար, թողնեն հանձնել քննությունը, իսկ, եթե ոչ, գոնե դրա կարիքն ունեցող կուրսեցիներիս կօգնեի, կուրսեցիներին կտեսնեի: Քննությունն ընթանում էր Ռշտունու անվան լսարանում:

Հանկարծ քննության ընթացքին ոչ բնորոշ անցուդարձ է սկսվում. նախ Հայոց պատմության ամբիոնից լսարան է մտնում ասիստենտ Կարինեն, հետո արդեն սփրթնած Կարինեի հետ միասին լսարանից դուրս է գալիս Խուրշուդյանը` իրեն բնորոշ խառնված, ալեհեր մազերով` քննամատյանը ձեռքին: Ինձ հրավիրում է իր հետ մտնել ամբիոն: Հարցնում է. «Սամվել, քննամատյանում քո անվան դիմաց գրված է` չքննել: Ինչու՞»: Ակադեմիկոս Խուրշուդյանին բացատրում եմ ուսման վճարը վճարած չլինելու ողջ պատմությունը ու ինձ համար պարզում, որ համալսարանական լեգենդը անգամ չէր հասցրել ընտելանալ բարձրագույն կրթության վճարովի համակարգի ներդրման հետ և մտքով անգամ չէր անցել, որ ֆակուլտետի լավագույն առաջադիմությունն ունեցող ուսանողներից մեկը կարող էր սովորել վճարովի համակարգում քիչ էր, մի հատ էլ, նրան չթողնեին մասնակցել քննությանը` ուսման վարձը չվճարելու պատճառով:

Խուրշուդյանն ընդհատում է քննությունը, և «աշխարհի կարգի վրա զարմացած», Կարինեին հանձնարարում է արագ իր մոտ հրավիրել լուսահոգի դեկան Բաբկեն Հարությունյանին: Գալիս է դեկանը: Ես դեռ ամբիոնում եմ, կուսրընկերներս` դրսում ու Ռշտունու լսարանում սպասում են, որ Խուրշուդյանը վերադառնա ու վերսկսի քննությունը: Խուրշուդյանն այնպիսի տոնով հարձակվեց Բաբկեն Հարությունյանի վրա, այնպիսի մեղադրանքներով, որ ես ստիպված եղա միջամտել և ասել, որ հենց Բաբկեն Հարությունյանի օգնությամբ է, ախր, որ թույլտվություն էի ստացել հանձնել առաջին երկու քննությունները: Մի քիչ հանդարտվելուց հետո, նաև լուսահոգի Պետրոս Հովհաննիսյանի ջանքերով, հնարավոր եղավ ակադ. Խուրշուդյանին «բացատրել», որ ուսման վճարովի համակարգի հետ դեկանատը կապ չունի և, որ ընդունելության քննությունների արդյունքներով է որոշվում, թե ով պիտի վճարովի և ով անվճար համակարգում սովորի, իսկ ուսման վարձերի զեղչերը ռեկտորատի իրավասությունների դաշտում է:

Խուրշուդյանը ներքին հեռախոսահամարով, որ ոչ բոլոր ամբիոնի վարիչներն ունեին, զանգում է ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին: Հինգ րոպե անց, մի փոքր այլայլված, ամբիոն է մտնում ռեկտոր Մարտիրոսյանը:

Նորից նույն մեղադրանքները. «մենք քեզ ռեկտոր չենք նշանակել, որ դու մեր լավագույն ուսանողներից մեկին տանես վճարովի համակարգ ու արգելես մասնակցել քննություններին»: Խուրշուդյանի տոնը վերջնագրային էր և բացատրությունների տեղ չէր թողնում: Իրավիճակն այնպիսին էր, իսկ Լենդրուշ Խուրշուդյանի հեղինակությունն այնքան ճնշող, որ Ռադիկ Մրտիրոսյանը, չգիտեմ, թե ինչպես և ինչ հաշվարկով, Խուրշուդյանից ներողություն խնդրեց և խոստացավ շատ արագ «ուղղել սխալը»` ոչ միայն ինձ թույլատրել հանձնել քննությունն ու ինձանից էլ ուսման վարձ չվերցնել, այլ նաև հետ վերադարձնել առաջին կիսամյակում իմ կատարած 75 000 վճարը:

Այդպես էլ եղավ: Հաջորդ օրը, արդեն 3-րդ քննությունը հանձնած, համալսարանի հաշվապահությունից նոր 75 000 դրամ վճարելու փոխարեն հետ էի ստանում նախորդ կիսամյակի վճարած 75 000 դրամը: Դա մի չմոռացվող և անբացատրելի զգացմունք էր` արդարության հաղթանակի զգացմունք, որ անհնար է բառերով փոխանցել կամ երբևէ մոռանալ:

Իսկապես, կյանքում պատահում է այնպես, որ տերևը երբեմն ջրի տակ է անցնում, իսկ քարը լողում է»:

Տեսանյութեր

Լրահոս