Նպատակը մեկն է՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավում իշխանության կողմից. «ՍանիՏեքի» տնօրեն
«ՍանիՏեք» ընկերության տնօրեն և սեփականատեր Նիկոլաս Թավիլը տեսազանգի միջոցով մամուլի ասուլիս էր հրավիրել:
Հիշեցնենք, որ այն նախատեսվել էր անցկացնել Թբիլիսիում, թե ինչու՝ Ն. Թավիլը ներկայացրեց տեսազանգով: Երևան չգալու պատճառն այն է, որ տևական ժամանակ ընկերությունը ենթարկվում է ճնշումների:
«Ճնշումներից մեկն այն է, որ 2019 թվականի փետրվարին քրեական գործ է հարուցվել ընկերության նկատմամբ։ Քրեական գործն անօրինական է և անհիմն է»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ կան քաղաքական դրդապատճառներ:
Ըստ նրա՝ դա քաղաքապետարանի բազմաթիվ փորձերից է՝ սպառել ընկերության ֆինանսական ռեսուրսները, որը, ըստ երևույթին, ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավում իշխանության կողմից։
Ընկերության սեփականատերը հիշեցրեց, որ հնչել են հայտարարություններ, թե «ՍանիՏեք» ընկերության հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է։ Լրագրողի հարցին, թե կա՞ր արդյոք քրեական հետապնդման վտանգ, որ ընկերության սեփականատերն այսօր ներկա չէ ասուլիսին, Ն. Թավիլը պատասխանեց. «Մենք քննարկել ենք մեր իրավաբանների հետ, և նրանք խորհուրդ են տվել այս փուլում չգալ»:
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ