«Դրական եմ գնահատում, քանի որ վերջապես Կառավարությունում կհայտնվի մի մարդ, ով ինչ-որ հաջողության է հասել». փորձագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա, մասնավորապես, գրել է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:
Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կալավան համայնք, որտեղ էլ գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը պատմել է գյուղի զարգացման, հյուրատներ կառուցելու մասին։
Ֆեյսբուքում և դրանից դուրս այս հայտարարությունն իրարամերժ գնահատականների է արժանացել:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նոր խորհրդական նշանակելու՝ Փաշինյանի հայտարարության մասին 168.am-ի դիտարկմանն արձագանքեց. «Շատ դրական եմ գնահատում, քանի որ վերջապես Կառավարությունում կհայտնվի մի մարդ, ով ինչ-որ հաջողության է հասել: Ուղղակի, ինչպես միշտ, վերջերս ստացվում է, որ բնակչի հաջողությունները հիմնականում կախված են Փաշինյանի նախորդների հաջողություններից, և ոչ թե՝ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունից. մարդիկ իրենց բիզնեսը դրել են շատ ավելի վաղ»:
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես դրական արտահայտվեց. «Բացասական չեմ վերաբերվում. ամեն ղեկավար ինքն է ընտրում իր մոտեցումը: Ինտերնետում դրվածի հիման վրա եմ ասում՝ ինչքան նայեցի, ինքը պրակտիկ մարդ է, եթե կա 10 խորհրդական, թող մեկ-երկուսն էլ լինեն պրակտիկ»:
Զարուհի Դիլանյան