Մնացական Սարգսյան. «Դատարանների նման մոտեցումը լուրջ դժվարություններ կարող է ստեղծել»

Վերջին ժամանակներս դատարանների կողմից մերժվում են  քրեական գործերով վկաների, տուժողների հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, բաժանորդների տվյալները ստանալու նախաքննական մարմնի միջնորդությունները:

Օրերս տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը մտահոգություն է հայտնել նաև, որ մերժվում են ըստ ալեհավաքային կայանների` այդ հեռախոսահամարների շարժը ստանալու թույլտվության վերաբերյալ  միջնորդությունները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը պարզաբանել է, որ դատարանների նման դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, բաժանորդների տվյալները, ինչպես նաև հեռախոսահամարների շարժի վերաբերյալ տեղեկությունները իրավական առումով մտնում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասում նշված «այլ հաղորդումներ» իրավական ձևակերպման տակ, իսկ վկայակոչված նորմի համաձայն` այդ տեղեկությունները կարող են վերահսկվել միայն այն դեպքում, եթե այդ հեռախոսահամարները պատկանում են կասկածյալին կամ մեղադրյալին:

«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, Մ. Սարգսյանն այս առնչությամբ ասել է. «Ավելորդ է ասել, թե քրեական գործերի նախաքննության ընթացքում, հանցագործությունների բացահայտման, ձեռք բերված տեղեկությունների ստուգման համար ինչ էական նշանակություն ունի ինչպես վկաների, այնպես էլ տուժողների հեռախոսահամարների շարժի, հեռախոսազանգերի վերծանումների վերաբերյալ տեղեկությունների ստացումը: Հետևաբար, ակնհայտ է, որ դատարանների նման մոտեցումը լուրջ դժվարություններ կարող է ստեղծել նախաքննության համար»:

Իրավական խնդիրն այն է, որ վիճարկվող իրավահարաբերություն կարգավորման է ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի դրույթներով` որպես նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, թե նույն օրենսգրքի 241-րդ հոդվածի դրույթներով` որպես հեռախոսային խոսակցությունների վերահսկում: Ընդ որում, վերջին նորմը, կասկածյալից ու մեղադրյալից բացի, հնարավորություն է տալիս վերահսկելու նաև հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

«Կարծում եմ, որ ներկայացված խնդիրը լուրջ քննարկման կարիք ունի»,- նշել է Մնացական Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս