Իրանը ետ է ուղարկել թուրքական օգնությունը
Իրանը չի ընդունել Թուրքիայի օգնությունը երկրաշարժի զոհերի համար: Այդ մասին հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով իրանական ISNA գործակալությունը:
Օգնությունը Թուրքիայից ուղարկվել էր առանց Իրանի հետ համաձայնեցնելու, եւ քանի որ Իրանն արդեն հայտարարել է, թե միջազգային օգնություն չի ընդունի, Թուրքիայի օգնությունը վերադարձվել է:
Այդուհանդերձ, IRNA պետական գործակալությունը հայտնել էր, թե մարդասիրական օգնության առաջին չափաբաժինն ուղարկվել էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` երկրաշարժից տուժած Արեւելյան Ատրպատականի նահանգին: Օգնությունը ներառում է սննդամթերք` ալյուր, բրինձ, շաքար, բուսական յուղ եւ մակարոնեղեն, նաեւ ծածկոցներ ու վրաններ:
Մի շարք երկրներ, այդ թվում` Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄԷ-ն եւ ԱՄՆ-ը օգնություն են առաջարկել, սակայն Իրանի Կարմիր Մահիկի միությունը նշել է, թե ինքնուրույն գլուխ կհանի խնդրից: