Քրդերի ու թուրքական զինուժի միջև բախումները շարունակվում են

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում շարունակվում են բախումները թուրքական անվտանգության ուժերի և քուրդ զինյալների միջև: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hyurriet-ը:
Բախումներից մեկը տեղի է ունեցել Դիարբեքիրի նահանգի Հազրո շրջանի Ուլգեն գյուղի մոտ: Այստեղ պարեկություն կատարող անվտանգության ուժերը հանդիպել են քուրդ զինյալներին և պահանջել են հանձնվել: Սակայն վերջիններս կրակ են բացել նրանց վրա, և սկսվել է փոխհրաձգություն:
Բախումից հետո զինյալները հետ են քաշվել մոտակա անտառն ու լեռները: Նրանց հայտնաբերելու համար թուրքական կողմը ներգրավել է ռազմական օդուժ: Կորուստների մասին ոչինչ չի նշվում:
Մյուս բախումը գրանցվել է Շեմդինլի նահանգում տեղական ժամանակով ժամը 18.00-ին: Այստեղ քուրդ զինյալները ճանապարհով ռազմական ավտոշարասյան անցնելու ժամանակ գործի են գցել նախապես տեղակայած հեռակառավարվող ռումբը: Պայթյունից հետո զինյալները գնդակոծել են ռազմական ավտոշարասյունը: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 3 թուրք զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս