Բաժիններ՝

Պահանջում են քրեական գործ հարուցել վարչապետի դեմ

Ղրղզստանում «Աթա-Մեքեն» իշխանամետ խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել երկրի վարչապետի նկատմամբ, ով, իբր, մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում աերոնավիգացիոն աշտարակ կառուցելու թույլտվության համար թուրք գործարար Խունքար Ադալիից որպես կաշառք մի քանի միլիոնի արժողությամբ զտարյուն անգլիական նժույգ է ստացել: Նժույգը, ըստ խմբակցության տեղեկությունների, Թուրքիայից Ղրղզստան է տեղափոխվել ինքնաթիռով: Այս մասին հայտնում է  «Ինտերֆաքս»-ը:

«Աթա-Մեքեն»-ի նախագահ Օմուրբեկ Թեկեբաևը խմբակցության նիստում հայտարարել է, որ վարչապետի նկատմամբ քրգործ հարուցելու պահանջով դիմումն արդեն իսկ ուղարկվել է Գլխավոր դատախազություն և Հակակոռուպցիոն ծառայություն:

Խմբակցությունը պնդում է, որ թուրք գործարարն այս կերպ ապահովել է իր մասնակցությունը Բիշքեքում վերոհիշյալ շինարարությանը, որի դեմ հանդես է եկել Ղրղզստանի խորհրդարանը, ինչպես նաև երկրի Աերոնավիգացիոն ծառայությունը: Խմբակցության անդամները գտնում են, որ կաշառքի փաստն ապացուցվելու դեպքում դա կառավարության ղեկավարի պաշտոնանկության հիմք կհանդիսանա:

Ղրղզստանի խորհրդարանի նախագահը, իր հերթին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում ևս երկու իշխանամետ խմբակցություններ` «Ար-Նամիս»-ը և սոցիալ-դեմոկրատները, կգումարեն նիստեր, որպեսզի, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված, քննարկեն կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ մի խումբ պատգամավորների նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս