Ֆերմերն ապատեղեկատվություն է տարածել. ՍԱՊԾ
2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում:
Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջերավոր կենդանիները, 3 անգամ խոշոր եղջերավորները, թեև պետպատվերով նախատեսված են ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համապատասխանաբար տարեկան երկու և մեկ անգամյա ստուգումներ:
2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր և 9690 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդյունքում գրանցվել է բրուցելոզով հիվանդ՝ համապատասխանաբար 146 և 60 գլուխ կենդանի, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (14800 գլուխ) ընդամենը 1.3 տոկոսը (հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի):
Ի գիտություն
Բրուցելոզի հարուցիչը 60 աստիճան և ավելի եփելու դեպքում ոչնչանում է, ջերմային մշակումից հետո միսը դառնում է անվտանգ:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակին ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի մոտ (222546-ը 2318-ը): Սա նշանակում է, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է, հանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր:
Ի դեպ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի մարզային մասնաճյուղի կողմից ֆերմերներին անվճար տրամադրվում են ախտահանիչներ՝ անասնագոմերի, ինչպես նաև սպանդի տարածքների ընթացիկ և վերջնական ախտահանություն կատարելու նպատակով: