Բաժիններ՝

«Հենց իր ոչխարներն են վարակը բերել գյուղ». Համայնքապետը՝ ֆերմերի ահազանգի ու բրուցելյոզով հիվանդ կենդանիների մասին

«Մի քանի ամիս է, ինչ Վայոց Ձորում սարսափելի իրավիճակ է, գյուղեր կան, որտեղ մանր, խոշոր եղջերավոր անասունների 55-60 տոկոսը հայտնվել է բրուցելյոզի ճիրաններում։ Հիվանդ անասուններին տանում են Մարտունու շուկա և վաճառում»,- այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր  ֆերմեր Տիգրան Եղոյանը:

Նրա հավաստմամբ՝ Քարագլուխ, Շատին և այլ գյուղերում 38 մարդ վարակվել է այդ  հիվանդությամբ:

Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց Տ. Եղոյանի պնդումները՝ ասելով, որ սուտ է, նման բան չկա, 38 հոգի չի վարակվել այդ հիվանդությամբ:

«Մեզ մոտ «սանէպիդկայանից» եկել են, բնակիչներն անալիզ են հանձել, բրուցելյոզով հիվանդ մի կին կա, ում մոտ այդ հիվանդությունը վաղուց է, նոր չէ: Մյուսն էլ մի տղա է, ով հոդային հիվանդություն ունի, ոչ թե  բրուցելյոզ է: Նման բան չկա, սուտ տեղեկություն է: Շատինի առողջության կենտրոնում անգամ այսօր ենք առաջարկել, որ գնան ևս մեկ անգամ անալիզ հանձնեն»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե մանր, խոշոր եղջերավոր անասունների 55-60 տոկոսը հայտնվել է բրուցելյոզի ճիրաններում, Եղեգիսի համայնքապետը հայտնեց, որ 34 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է եղել և 140 գլուխ մանր եղջերավոր:

«Հենց իր՝ Տիգան Եղոյանի ոչխարները գնացել են Մարտունու կողմերը, վարակվել են ու վարակը բերել են գյուղ: 54 գլուխ մենակ իր մոտ է հայտնաբերվել: Խնդիրը վերացրել ենք:

4 անգամ անասնաբուժական ծառայություն է մատուցվել այս ընթացքում: Կենդանիներից անալիզներ են վերցվել, ուղարկվել լաբորատորիա: Որը որ հիվանդ է եղել, տեղում մորթել ենք, էքսկավատորով փոս ենք փորել, տարել ենք, լցրել այնտեղ: Գնացել էին սարեր մանր եղջերավոր կենդանիները, վարակը բերել էին: Փետրվար ամսին երկու ընտանիքում ոչխարների մոտ հայտնաբերվեց վիժում, զանգեցին ինձ, ես էլ անմիջապես անասնաբուժական ծառայության պետին տեղյակ պահեցի, մարդիկ եկան, անալիզները վերցրեցին ու գնացին: Գյուղերում վերջին անալիզը վերցրել են մայիսի 26-ին: Անալիզները սկզբում տանում ենք Վայք, հետո՝ Երևանի լաբորատորիա: Ամեն ինչ մաքուր է, չունենք խնդիր»,- եզրափակեց  Արթուր Ստեփանյանը:

Նշենք, որ բրուցելյոզը (Brucellosis) զոոանթրոպոնոզ ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդություն է, որը բնորոշվում է երկարատև տենդով, հենաշարժիչ, սիրտ-անոթային, նյարդային, միզասեռական և այլ օրգան համակարգերի ախտահարմամբ, ինչպես նաև քրոնիկ ընթացքի հակվածությամբ: Վարակի աղբյուրը հիվանդ ոչխարներն են, այծերը, կովերը, խոզերը:

Վիժած կենդանիների սեռական ուղիներում, կաթում, մեզում բրուցելաները պահպանվում են դեռևս երկար ժամանակ` մինչև 15 ամիս: Դրանք կարող են արտադրվել՝ ինչպես ծնման, այնպես էլ՝ սովորական արտադրությունների մեջ: Կենդանիներից մարդուն փոխանցման պրոցեսում մեծ համաճարակային նշանակություն են ստանում միսը և հում կաթնամթերքները` կաթը, պանիրը և այլն:

Վերջիններում հարուցիչները կարող են պահպանվել 15-60 օր, մսում` մինչև 20 օր:

Առավել վտանգավոր են այծերի և ոչխարների կաթից ստացվող մթերքները, մասնավորապես՝ բրինզա պանիրը: Համաճարակային վտանգ են ներկայացնում վիժած կենդանիների բուրդը, կաշին, միսը: Վարակումը տեղի է ունենում վերջիններիս մշակման ժամանակ, երբ խախտվում են սանիտարահիգիենիկ կանոնները:

Այսպիսով մարդու վարակումն իրականանում է սննդային, շփման եղանակով:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս